Ի՞նչ զարգացումներ սպասել իշխանական և ընդդիմադիր ճամբարներում․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

ԱԺ

«Փաստ» թերթը գրում է. «Աշնան մոտենալուն զուգահեռ հայաստանյան քաղաքական դաշտը սկսում է ակտիվանալ։ Քաղաքական ուժերն իրենց պատկերացումների համաձայն փորձում են գնահատել իրավիճակը և ըստ այդմ դիրքավորվել։ Սպասվում է, որ նոր տեղաշարժեր են տեղի ունենալու ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության շարքերում։ Խոշոր հաշվով ընդդիմադիր դաշտը շարունակում է խայտաբղետ բնույթ կրել, քանի որ դրանում ներկայացված են բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք պայքարում են հանրության վստահությունը շահելու և իշխանության հասնելու համար։

Սակայն այս դաշտում ներկայացված քաղաքական ուժերի համագործակցության արդյունքում դեռևս չի ձևավորվել ընդդիմադիր մեկ բևեռ։ Ճիշտ է՝ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների միջև անցած ամիսների ընթացքում համագործակցության որոշակի քայլեր կատարվել են, բայց դրանք չեն խորացել՝ հասնելով քաղաքական նոր ձևաչափի ստեղծմանը։ Ըստ երևույթին այս աշնան ընթացքում ընդդիմությունը կփորձի որոշակի հարցերի շուրջ միասնական օրակարգ ձևավորել։

Բայց կանխատեսելի է, որ ընդդիմադիր դաշտում մրցակցությունը թեժանալու է, քաղաքական ուժերը պայքարելու են ընդդիմության առաջատարը կամ լոկոմոտիվը դառնալու համար։ Իսկ այն ընդդիմադիր քաղաքական միավորները, որոնք կարողացան իրենց շուրջը համախմբել մյուս քաղաքական ուժերին, ապա իրենք էլ կդառնան դաշտում թելադրողը։

Հետաքրքրական իրավիճակ է նաև իշխանական ճամբարում։ Կորոնավիրուսի համավարակը մեծ հարված է հասցրել իշխանությունների իմիջին։ Խոշոր հաշվով իշխանական համակարգն ի զորու չեղավ աչքի ընկնել համավարակի պայմաններում իր արդյունավետ հակաճգնաժամային կառավարմամբ։

Ճգնաժամային իրավիճակը մեծ պատասխանատվություն է դնում իշխանությունների վրա, և ըստ երևույթին նրանք փորձելու են որքան հնարավոր է փրկել իրենց իմիջը և կանգնեցնել վարկանիշի անկումը։ Իսկ դա կարող է տեղի ունենալ կառավարման համակարգին նոր լիցքեր հաղորդելու միջոցով, երբ իրենց աշխատանքում թերացած և ոչ կոմպետենտ պաշտոնյաները կհեռանան, և նրանց կփոխարինեն պրոֆեսիոնալները»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ