Սևանի ափամերձ հատվածում ապօրինի տաղավար-սրճարան է ապամոնտաժվում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Սևան

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ Սևանի ափամերձ հատվածներում ապօրինի շենք-շինություններ ապամոնտաժումը գործնական փուլում է։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ «Սևան» ազգային պարկ» այցի ժամանակ տեղում վերհանվեց ափամերձ հատվածի ապօրինի կառուցապատման դեպք․ Սևանի Թերակղզու կենտրոնական հատվածում, նախկին նավամատույց տանող ասֆալտապատ ճանապարհից ձախ լճափնյա մասում տարածքի հողօգտագործողն ինքնակամ տեղադրել էր երկաթյա կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարան։

Նախարարը կարգադրեց ստուգել համապատասխան շինարարական փաստաթղթերի առկայությունն ու իրավախախտումներին շուտափույթ լուծում տալ՝ ամենասեղմ ժամկետներում ափամերձ հատվածն ազատելով ապօրինի կառույցից։ Այս պահին ապօրինի տաղավարի ապամոնտաժումն ընթացքի մեջ է։

Սևանա լճի ու դրա ջրհավաք ավազանի ջրային պաշարների, կենդանական և բուսական աշխարհի, էկոլոգիական ենթահամակարգերի անխաթարության ապահովման գործում անչափ կարևոր ու առանցքային է ափամերձ հատվածներում տնտեսվարման պատշաճ վերահսկողությունն ու ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը։

Ստուգայցերն ու դիտարկումները կրում են պարբերական բնույթ, ապօրինի և օրենքի խախտմամբ կառուցված յուրաքանչյուր շենք-շինություն ու տաղավար կապամոնտաժվի՝ օրենքով սահմանված կարգով։

«Պահպանե՛նք մեր ազգային հարստությունը»,- կոչ են անում նախարարությունից։

--00--ԱԹ