Քաղաքական որոշում է ԵՊՀ-ն տոտալ վերահսկելու համար. խորհրդի նիստը լարված է անցել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News 

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանն այսօր լքել է ԵՊՀ նիստերի դահլիճը: Լրագրողների հետ զրույցում Սողոմոնյանն ասաց, որ դուրս է եկել դահլիճից, քանի որ անիմաստ է համարում այս «ակնհայտ կրկեսի ու ֆարսի պայմաններում» շարունակել իր գործունեությունը, մասնակցել քննարկումների ու քվեարկության:

«Ես այնտեղ հստակ ներկայացրի իմ դիրքորոշումը, որն է՝ խորհրդի անդամներից որևէ մեկի նշանակման հետ կապված իրավական բնույթի պրոբլեմի դեպքում խորհրդի կողմից կայացվող ցանկացած որոշում առոչինչ է համարվում, և դա օրենքի ուժով է»,- ասաց նա:

Սողոմոնյանը նշեց, որ այսօր ընթացող նիստի ժամանակ ներկայացրել է խորհրդի երկու անդամի՝ Գևորգ Մուրադյանի և Վահան Պապիկյանի նշանակման հետ կապված իրավական բնույթի խնդիրները: Նա ընդգծեց՝ Գևորգ Մուրադյանը «Մետրիկա» ՍՊԸ հիմնադիրն է, ըստ օրենքի՝ խորհրդի անդամ կարող է լինել կրթության, գիտության, մշակույթի և տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչ: Սողոմոնյանի խոսքով՝ «Մետրիկա» ՍՊԸ մասին տեղեկություններ գտնելն անգամ դժվար է, և եթե տվյալ անձը ներկայացվում է որպես տնտեսական ոլորտի ճանաչված ներկայացուցիչ, ապա օրենքի բացահայտ խախտում է տեղի ունենում: 

Խորրդի անդամներից Վահան Պապիկյանը՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը, ըստ Սողոմոնյանի, նշանակվել է իբրև պետական պաշտոնյա, սակայն համապատասխան իրավական ակտերը նայելիս այդ պաշտոնն ընդգրկված չէ, դա կարող է դիտվել պետական ծառայության պաշտոնյա: 

Սողոմոնյանը հայտնեց, որ վերոնշյալ երկու անդամների լիազորությունները դադարեցնելու իր առաջարկն արտահամալսարանական անդամների կողմից մերժվել է:

--00--ԱԹ