«Ընդունե՛ք ինձ ձեր մեծ ընտանիք». Ազգային գրադարանը նոր տնօրեն ունի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Չուլյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի ազգային գրադարանի անձնակազմին է ներկայացրել գրադարանի նորընտիր տնօրեն Աննա Չուլյանին, որն առավելագույն ձայներով հաղթող է ճանաչվել ԿԳՄՍ նախարարության կողմից տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային գրադարանից: Միջոցառմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը և նախարարի օգնական Դավիթ Դանիելյանը:

«Մինչեւ տիկին Չուլյանին ներկայացնելը կցանկանամ շնորհակալություն հայտնել Հրաչյա Սարիբեկյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Նա բավականին բարդ փուլում է ստանձնել գրադարանի ղեկավարի պարտականությունները, և ժառանգությունը, որ ստացել էր, նախանձելի չէր: Այն խնդիրները, որ դրված են եղել պարոն Սարիբեկյանի առջև, հիմնականում լուծվել են, և հիմա այդ աշխատանքը կշարունակի տիկին Չուլյանը՝ կրկնապատկելով ջանքերը, և Ազգային գրադարանը կծառայի հիմնական նպատակներին, որոնք ամրագրվել են գրադարանի ստեղծումից ի վեր»,- նշել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Շնորհավորելով նորընտիր տնօրենին՝ 2019 թվականի փետրվարից տնօրենի պաշտոնակատար նշանակված գրող, գրականագետ Հրաչյա Սարիբեկյանը շնորհակալություն է հայտնել գրադարանի աշխատակազմին համատեղ գործունեության ու լավ աշխատանքի համար:

«Ես առաջին անգամ չէ, որ այս շենքում եմ, բայց այսօր շատ պատվավոր առաքելությամբ եմ այստեղ: Պատիվ ունեմ ստանձնելու այս պաշտոնը: Հստակ գիտակցում եմ պատասխանատվության աստիճանը և աշխատանքի ծավալը, որ սպասում է ինձ, բայց ես չեմ վախենում, քանի որ աշխատելու եմ այսպիսի մեծ անձնակազմի հետ: Գրադարանում չեն աշխատում պատահական մարդիկ, գրադարանում աշխատում են նվիրյալներ: Ես եկել եմ կիսելու ձեզ հետ իմ տեսլականը, իմ գիտելիքը, փորձը և նաև վերցնելու ավանդականը, այն, ինչը ես չգիտեմ: Ինչքան էլ տեխնոլոգիաները զարգանան, մարդն է մնում գերագույն արժեքը: Ազգային գրադարանը մշակութային ոլորտում շատ լուրջ ռազմավարական կառույց է, և յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ իր ունեցած փոքրիկ ներդրումով, իր գործունեությամբ նպաստում է ազգային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործին: Ընդունեք ինձ ձեր մեծ ընտանիք: Կարծում եմ՝ փոխադարձ հարգանքի և սիրո մթնոլորտում կկարողանանք շատ առաջ գնալ: Շնորհակալություն պատկան մարմիններին ինձ վստահելու համար: Ծառայում եմ հայրենիքիս»,- ասել է գրադարանի նորընտիր տնօրեն, Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Չուլյանը:

--00--ԱԹ