26-ամյա աղջկա սպանությունը բացահայտվել է․ հետախուզում է նրա օտարերկրացի ընկերը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Օգոստոսի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Գարեգին Հովսեփյան փողոցում երիտասարդ աղջկա դի կա։ Տեղեկությունը ստալուն պես բաժնից օպերատիվ խմբեր մեկնեցին դեպքի վայր ու հայտնաբերեցին դիակը։ 26-ամյա աղջկա մարմնին բռնության հետքեր կային։ Նրան սպանել էին։

Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էրեբունու ոստիկանները տվյալներ ձեռք բերեցին առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։ Հետագա միջոցառումներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի, Մարաշի բաժանմունքի, ինչպես և տարածքային քննչական բաժնի ծառայողները։ Հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով իրավապահները պարզեցին նաև դեպքի մի շարք հանգամանքներ։ Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ աղջկան խեղդամահ էր արել նրա ընկերը՝ օտարերկրացի, 32-ամյա մի տղամարդ։

Որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին, խափանման միջոցը՝ կալանք։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` մեղադրյալին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։

--00—ԼՄ