Մոսկվայի կենտրոնում՝ «Մոսկվա Սիթի» հարևանությամբ, «Թումո» է բացվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

1

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Մոսկվայում «ԹՈՒՄՈ» է բացվել:

«Ի թիվս Բեյրութի և Փարիզի կենտրոնների՝ սա թվով երրորդ միջազգային ԹՈՒՄՈ կենտրոնն է, որը Հայաստանի անունը բարձր է պահում միջազգային տեխնոլոգիական ասպարեզում, հայկական կրթական և այլ տեխնոլոգիաների արտահանման համար նոր հորիզոններ է ձևավորում։

Շնորհավորում եմ թիմին և մաղթում նորանոր հաջողություններ»,-գրել է նախարարը։

Նշենք, որ Ռուսաստանի մայրաքաղաքում օգոստոսի 26-ին բացվել է 3-րդ միջազգային Թումո կենտրոնը:  Փարիզից ու Բեյրութից հետո այժմ արդեն նաև Մոսկվայի պատանիները հնարավորություն կունենան ծանոթանալ Թումոյի ծրագրին, կիրառել ամենանորարար տեխնոլոգիաները ու հմտանալ մի շարք ժամանակակից ոլորտներում: 

Թումոյի և Genome Ventures ընկերության համագործակցության արդյունքում Մոսկվայի թումոցիները նախնական փուլում կկարողանան հմտանալ հետևյալ 8 ոլորտներում ՝ ծրագրավորում, գրաֆիկական դիզայն, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում, խաղերի ստեղծում, երաժշտություն, ֆիլմերի ստեղծում և անիմացիա: Ապագայում կբացվի ևս 6 ուղղություն՝ կայքերի ստեղծում, նկարչություն, լուսանկարչություն, նոր մեդիա, շարժական գրաֆիկա և ստեղծագրություն:

Նոր Թումո կենտրոնը տեղակայված է Մոսկվայի կենտրոնում, «Մոսկվա Սիթի» գործարար կենտրոնի հարևանությամբ: Այն ունի իր սեփական շենքը` անհրաժեշտ բոլոր ուսումնական տարածքներով` ինքնուսուցման հարթակներ, դասընթացների սենյակներ, երաժշտական ստուդիա և այլն: Թումո Մոսկվայում սովորելու է շուրջ 2000 ուսանող: Ուսումը վճարովի է, սակայն կենտրոնը տարեկան մեծ թվով դրամաշնորհներ է հատկացնելու անվճար ուսուցման համար: Դասընթացները մեկնարկելու են արդեն այս տարվա հոկտեմբերին: Մանրամասների և գրանցման համար կարող եք անցնել հղումով` tumomoscow.ru:

Մինչև տարվա ավարտը պլանավորվում է ևս 2 միջազգային կենտրոնի բացում` Բեռլինում և Տիրանայում: 

--00—ԼՄ