Երկաթուղու Ծովագյուղ-Երևան հատվածում Mercedes ավտոմեքենան բախվել է մոտրիսին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News 

բախում

Օգոստոսի 26-ին երկաթուղու Ծովագյուղ-Երևան հատվածի 87-րդ կմ-ում գտնվող գծանցում վարորդի կողմից երթևեկության կանոնների կոպիտ խախտման պատճառով Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տեխնոլոգիական մոտրիսին: Խախտելով բոլոր կանոնները՝ վարորդը՝ հեռախոսով զրուցելիս, ավտոմեքենան կանգնեցրել էր երկաթուղային գծանցում:  

Բախման հետևանքով վնասվել է ավոմոտրիսը, որում գտնվում էին երկաթուղային ենթակառուցվածքի և օբյեկնտերի պլանային ուսումնասիրությունն իրականացնող ՀԿԵ աշխատողները. վնասվել է շարժակազմի պաշտպանիչ վահանն ու օդամուղ խողովակը:

Տարվա սկզբից սա ավտոմեքենաների վարորդների մեղքով երկաթուղում տեղի ունեցած արդեն 8-րդ ՃՏՊ-ն է. հաշվետու շրջանում երկաթուղային գծանցներում գրանցվել է ավտոմեքենաների շարժակազմին բախման 6 և կամրջից երկաթուղային գծերի վրա ավտոմեքենաների  անկման 2 դեպքեր:

Չնայած այն հանգամանքին, որ վարորդների համար տեսանելիությունը բարելավելու համար Հարավկովկասյան երկաթուղին տվյալ գծանցում տեղադրել է հատուկ հայելիներ, անվտանգության վիճակը չի բարելավվում: Սա տարեսկզբից արդեն երրորդ ՃՏՊ-ն է այդ գծանցում:   

Հարավկովկասյան երկաթուղին կրկին անգամ վարորդներին հորդորում է հատկապես զգույշ և զգոն լինել գծանցներ հատելիս, ընթացքը շարունակել միայն համոզվելով, որ գծանցն ազատ է և գնացքը չի մոտենում: Կոչ ենք անում պահպանել երթևեկության կանոնները և չփորձել երկաթուղային գծերը հատել ընթացող գնացքի առաջ:

Իր կողմից ընկերությունը ձեռնարկում է գնացքների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները՝ այդ թվում համագործակցելով պետական մարմինների և իրավապահների հետ: Մոտակա բնակավայրերի վարորդներին և բնակիչներին պարբերաբար հիշեցնելով երկաթուղում անվտանգության կանոնների պահպանության անհրաժեշտության մասին:

-- 00—ՄՀ