40 հոգի կարող են միջոցառում անել, բայց 20 հատ բալիկ դաս չեն կարող անել. Ծառուկյան

 ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Կոտայքի մարզում կուսակիցների ու համախոհների հետ հանդիպմանն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև կրթական խնդիրների:

«Մեր ապագան մեր երիտասարդությունն է, ուսանողը. ծնողը վճարները վճարել է, ուսանողը երկրորդ կուրսում է, արտակարգ իրավիճակ է, տանը նստած են, չեն աշխատում, պետությունը պետք է սուբիսդավորի: Թող էս տարի գումարը կապիտալ շինարարության վրա չծախսվի, տրամադրվի ուսանողին, ծնողին, թոշակառուին, այս հարցը նույնպես մենք կբարձրացնենք»,- ասել է նա:

Ծառուկյանը խոսել է նաև դպրոցներում սեռական դաստիարակության ներառման մտադրությանը, նշել՝ դա ընդունելի չէ ժողովրդի մեծ մասի կողմից: Նա հանձնարարել է սոցհարցումներ անցկացնել, պարզել հանրության վերաբերմունքը:

«Մենք հայ քրիստոնյա ազգ ենք, մենք դրանով հպարտանում ենք: Պարզվեց՝ 95 տոկոսը դեմ ա դրան, դա չի ընդունում, թող մտածեն՝ հետամնաց ենք, Հայաստանը դա թույլ չի տա»,- ասել է Ծառուկյանը: 

ԲՀԿ առաջնորդի համար ընդունելի չեն նաև դպրոցում ուսումնական պրոցեսի կազմակերպման վերաբերյալ պարետի որոշումները.

«Շատ ցավալի հարց է, մարդիկ հայտարարություն են անում՝ ոչ արդյունավետ, ոչ փորձ ունենալով: Ո՞նց կարող է, 15-20 երեխա գնում են դասի, դասամիջոց չլինի, մասկաները պիտի լինի: Եթե ցանկանում են տուալետ գնալ, ուսուցիչը պետք է ուղեկցի, բա երեխաների հետ ո՞վ է մնալու»:

Դասապրոցեսի կազմակերպման սահմանափակումներն, ըստ Ծառուկյանի, այնքան էլ հասկանալի չեն՝ մանավանդ հաշվի առնելով այն, որ թույլատրվում է 40 հոգու մասնակցությամբ միջոցառումների անցկացումը:

«40 հոգով կարող են անեն հարսանիք, խնջույք, ո՞նց կարելի ա՝ 40 հոգի հավաքվեն, միջոցառում անեն, բայց 20 հատ բալիկ չեն կարող իրենց դասը անել, քանի որ բալիկների վրա այդ հիվանդությունը քիչ ազդեցություն ունի. մի օր, երկու օր կարող ա՝ տաքություն լինի ու վերանա»,- ասել է նա՝ համոզմունք հայտնելով, որ ոչ մի ծնող իր երեխային դպրոց չի տանի:

--00--ԱԹ