Ռազմական ոլորտին առնչվող ի՞նչ թեմաներ են քննակվել նախորդ շաբաթվա ընթացքում. քրոնիկոն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

1

«Հենակետ» վերլուծական ՀԿ ներկայացրել է համառոտ տեղեկություն անցնող շաբաթվա ընթացքում մամուլում և սոցցանցերում շրջանառվող տեղեկությունների մասին:

«Նախորդ շաբաթվա սկզբնամասն բավականին ակտիվ էր ռազմական ոլորտին վերաբերվող թեմաներով: ՊՆ-ից տեղեկանում ենք, որ օգոստոսի 23-ին ՌԴ մերձմոսկովյան «Պատրիոտ» ավանում կայացել է միջազգային բանակային վեցերորդ խաղերի և Բանակ-2020 ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Պնախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: Նույն օրը Մոսկվայում Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ Պնախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Օգոստոսի 23-ին երեկոյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, հայտարարելով, թե հայկական կողմը դիվերսիոն-հետախուզական գործողություն է իրականացրել, որի արդյունքում այդ խմբի հրամանատարը գերեվարվել է իրենց կողմից:

Արձագանքելով Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը՝ ՀՀ ՊՆ մամուլի նշել է, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է և իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Այդ առնչությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը հայտարարել է, որ մոլորված սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքի վերաբերյալ համապասխան ընթացակարգերով գործողություններ կիրականացնի:

Տեղեկացնենք նաև, որ Ադրբեջանում Գուրգեն Ալավերդյանի դեմ 5 հոդվածով քրգործեր են հարուցել:

Ապա Ադրբեջանի իշխանությունների կողմից հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ հայ սպան պատմում է գերի ընկնելու պատճառների մասին:

Հրապարակված տեսանյութի վերաբերյալ առկա էր կարծիք, որ Ալավերդյանը տեսախցիկի առջև դժվարությամբ կարդում է մի տեքստ, որը պատրաստել են Ադրբեջանի ՊՆ-ում, թարգմանել և հուշարարով դրել իր առաջ: Փորձագետների համոզմամբ, Ադրբեջանն արդեն իսկ խախտել է Ռազմագերու վարվեակերպի վերաբերյալ Ժնևյան կոնվենցիայի մի շարք դրույթներ։

Այդ առնչությամբ օգոստոսի 26-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում հայտնված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի ճակատագրին առնչվող հարցեր:

Նույն օրը ՀՀ Պնախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, որի ժամանակ Տոնոյանը դեսպան Ա.Կասպրշիկի ուշադրությունն է հրավիրել ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձին, այնպես էլ հրապարակված նախորդ տեսահոլովակին՝ ընդգծելով, որ վերոնշյալ տեսագրությունները միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են:

Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԳՆ ն հայտարարություն է տարածել սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ՝ դատապարտոելով սպայի հանդեպ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ և կոպիտ խախտում է:

Վերադառնալով մեր զինված ուժերում շաբաթվա ընթացքում կատարվող անցուդարձին, նշենք, որ օգոստոսի 24-ին, վաղ առավոտյան ժամը 05:00-ին, ՀՀ զինված ուժերի 2020 թ․ պատրաստության պլանի համաձայն, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ մեկնարկել են ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամիավորման և զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններ։

Օգոստոսի 24-ին ՀՀ ՊՆ և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։ Պայմանագիրը կնքվել է «Պատրիոտ» կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում՝ «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում:

ՊՆ-ն նաև տեղեկացնում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ս.թ օգոստոսի 24-ին «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի և ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։

Օգոստոսի 24-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ՝ զորամասի և գումարտակների հրամանատարների, վարչակազմի սպաների մասնակցությամբ: Իսկ 1-ին զորամիավորումում շարունակվել են հրամանատարաշտաբային զորավարժությունները։

Օգոստոսի 26-ին ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մեկնարկել է «Կարգապահության պահապան» մրցույթը: Մրցույթին մասնակցել են ռազմական ոստիկանության թիմեր Ռուսաստանից, Իրանից և Հայաստանից:

Օգոստոսի 26-ին 4-րդ զորամիավորումում մեկնարկել են հրամանատարական հավաքներ՝ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանի գլխավորությամբ։ 2-րդ զորամիավորման N զորամասում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ, իսկ 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:

Օգոստոսի 27-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հետևել է 1-ին զորամիավորումում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքին, 4-րդ զորամիավորումում անցկացվել են զորամասերի ստորաբաժանումների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ: 2-րդ զորամիավորումում անցկացվել է զորամասերի շտաբերի պետերի հավաք-խորհրդակցություն։

Պահեստազորայինների մասնագիտական ունակությունները բարձրացնելու, ինչպես նաև բանակում ներդրված նորամուծություններին վերջիններիս ծանոթացնելու նպատակով, ՊԲ ընթացիկ ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն, օգոստոսի 23-ից մեկնարկել են ուսումնավարժական հավաքներ, որին մասնակցում են պահեստազորում գտնվող հակատանկային հրթիռային համալիրի օպերատորները։

Օգոստոսի 24-ին հավաքի ընթացքին հետևել ու մասնակցիներին հանդիպել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:
Օգոստոսի 27-ին Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել՝ Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ։

Օգոստոսի 28-ին ՀՀ վարչապետը Սարդարապատում պարգևատրել է տավուշյան մարտերին մասնակցած զինծառայողներին: Վարչապետի միջնորդությամբ և հանրապետության նախագահի հրամանագրերով տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայող պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայող՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշաններով։ Իսկ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որի համաձայն սահմանվում են Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

Թեման կրկին քննարկվել է նեղ փորձագիտական շրջանակների կողմից: Առկա է կարծիք, որ Հայաստանն ու Արցախը պետք է ունենան մարտունակ պահեստազոր, որը ցանկացած պարագայում օպերատիվ կերպով կներգրավվի ցանկացած բնույթի օպերացիաներում:

Իսկ դրա համար, բացի իրավական ու կազմակերպչական բնույթի հարցերից, կարևոր է նաև հանրային դիսկուրսի կայացման ու տեղեկատվական արշավին ուղղված քայլեր ձեռնարկել:

Շաբաթվա սկզբնամասում քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակների կողմից շարունակվում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք հայտարարությունների վերաբերյալ քննարկումները:

Մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի ասուլիսին, հանդես է եկել մի շարք աղմկահարույց և հակասական հայտարարություններով:

Բաբայանի hարցազրույցից հետո մեկ այլ աղմկահարույց հարցազրույց է տվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը Հանրային հեռուստաընկերության եթերում:

Տարբեր գործիչների և փորձագետների կարծիքով, ապրիլյան պատերազմի թեման վտանգավոր հուն է մտել և լուրջ խնդիր է ստեղծում զինված ուժերի հեղինակության վրա։

Արցախյան բանակցությունների վերաբերյալ թեմաներից կարելի է առանձնացնել օգոստոսի 26-ին տեղի ունեցած Մնացականյան-Լավրով հեռախոսազրույցը, որի մասին հայկական կողմը հաղորդագրություն էր տարածել։

Զրույցը տեղի էր ունեցել Արցախյան բանակցություններում առկա ճգնաժամի, Ադրբեջանի ԱԳ նախարարի մոսկովյան այցի և այդ համատեքստում Ռուսաստանի նշմարվող նախաձեռնողականության ֆոնին։ Բայց փորձագետներն ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցի մասին այդպես էլ որևէ պաշտոնական հաղորդագրություն չկար։

Շաբաթվա ընթացքում սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթի մշտադիտարկումներից ու ադրբեջանական ֆորումներում տարբեր փորձագետների և ակտիվ օգտատերերի քննարկումներից պարզ է դառնում, որ թուրք-ադրբեջանական զորավարժություններին մասնակցելու նպատակով Թուրքիայից բերված զինտեխնիկան, ավիացիոն միջոցներն ու անձնակազմը կամ դրանց մի մասը, դեռևս գտնվում են Ադրբեջանի տարածքում։

Նշեք, որ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները Ադրբեջանի տարածքում մեկնարկել են հուլիսի 29-ին և ավարտվել օգոստոսի 13-ին, չնայած ի սկզբանե պաշտոնապես հայտարարվել էր, որ այդ զորավարժություններն ավարտվելու են օգոստոսի 10-ին։

Տեղեկացնենք նաև, որ օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ`հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 3600 կրակոց (նախորդ շաբաթվա համեմատ կրակոցների թիվն ավելացել է):

Ընդհանուր առմամբ, այս շաբաթ ներքաղաքական տարբեր օրակարգերին զուգահեռ, ռազմական ոլորտին վերաբերվող թեմաներն ու դրանց վերաբերյալ քննարկումները անցած շաբաթների համեմատ բավականին ակտիվ են եղել, տարբեր կարծիքներ են հնչել, անվտանգության ոլորտին առչվող թեմաների շուրջ քիչ թե շատ առկա է եղել բովանդակային դիսկուրս»:

--00—ԼՄ