Ավազակապետության գլուխներին չհաջողվեց զոմբիացնել հասարակությանը. Թուխիկյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ, նույն դաշինքով պատգամավորի թեկնածու առաջադրված Նարինե Թուխիկյանը  24News-ի հետ զրույցում նշեց,  որ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ  ընտրությունների նախընտրական ցուցակում ընդգրկվելու առաջարկ ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներից։

«Կարծում եմ՝ հատկապես այս դաշինքը կկարողանա ապահովել թավշյա հեղափոխության շարունակականությունը, այդ իսկ պատճառով ես համաձայնեցի նրանց ցուցակով առաջադրվել»,- ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ եթե անցնի Ազգային ժողով, ապա դադարեցնելու է, որպես  ավագանու անդամ, իր գործունեությունը։

Դիտարկմանը, թե  իրեն առավելապես տեսնում է պատգամավորի դերում, Նարինե Թուխիկյանը պատասխանեց․

«Ես ինձ տեսնում եմ քաղաքացու դերում, որը պարտավոր է աշխատել իր պետության համար, չտրտնջալ, լինել ընդվզող և ըմբոստ՝ ինչպես եղել եմ նախորդ իշխանությունների ժամանակ։ Ինքնանպատակ  որևէ բան չկա․ես հիվանդ չեմ կամ ամբիցիաներ չունեմ՝ լինել ավագանու անդամ կամ պատգամավոր, այլ պարզապես միշտ հարկավոր են ասպարեզներ՝ գործելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։