Սևանի ափին նորակառույցի շինարարությունը կասեցվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News    

Սևան

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում «Շինարարությունը կասեցվել է» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել.

«Ֆեյսբուք սոցիալական ցանցի մի օգտատեր իր էջում տեղեկատվություն էր տարածել, թե Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի 1֊ին փողոց 83/3 հասցեում՝ Սևանա լճի ափին գտնվող նորակառույցում շինարարություն է իրականացվում։

Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի օգոստոսի 26֊ին՝ Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ֊ի պահպանության բաժնի և Սևանի մասնաճյուղի աշխատակիցներն արձանագրել են, որ սույն շինարարությունն իրականացվել է ազգային պարկի ենթակա տարածքում՝ առանց բնապահպանական փորձաքննության։

Թեև տարածքի վարձակալն ունեցել է համայնքի կողմից տրամադրված շինարարության թույլտվություն, սակայն հաշվի առնելով պարտադիր բնապահպանական փորձաքննության անցկացման անհրաժեշտությունը՝ «Սևան» ազգային պարկը» համապատասխան ծանուցմամբ տեղեկացրել է շինության սեփականատիրոջն առկա անհամապատասխանության մասին։

ՇՄԱԳ փորձաքննության ՀՀ օրենքի 14֊րդ հոդվածի համաձայն՝ ԲՀՊՏ֊ներում իրականացվող ցանկացած գործունեություն ենթակա է ՇՄԱԳ փորձաքննության։ Ելնելով վերոգրյալից, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ցուցումով, օրենքով սահմանված կարգով շինարարությունն անհապաղ դադարեցվել է։

Այս պահին վերոհիշյալ հասցեում որևէ աշխատանք չի իրականացվում։ Համապատասխան արձանագրությունը կցված է հրապարակմանը»։

--00--ԱԹ