«Սևան» ՔԿՀ-ի հետնամասում հայտնաբերվել է լուսարձակող կրակայրիչով ամրացված մարիխուանա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

մարի

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ծառայողները, շարունակելով հետեւողական եւ զգոն պայքարը արգելված  իրերի եւ առարկաների ներթափանցման դեմ, ինչպես նաեւ  պատշաճորեն կատարելով իրենց առջեւ դրված պարտականություններն ու առաջադրանքները, հերթական անգամ կանխել են ներնետման միջոցով արգելված իրերի փոխանցման փորձերը։

Մասնավորապես սույն թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պահակետից ահազանգ է ստացվել այն մասին, որ դիտաշտարակների միջնամասում՝ քողարկող պատի արտաքին կողմում, նկատվել է ավտոմեքենայի շարժ:

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, անմիջապես իրականացվել է տարածքի զննում, որի արդյունքում հիմնարկի բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կպչուն ժապավենով եւ լուսարձակող կրակայրիչով ամրացված փաթեթ:

Փաթեթում, ըստ առանձնացված չափաքանակների, առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 14.8, 9.1 եւ 3.9 գրամ զանգվածներ, 0.3 գրամ, բաց վարդագույն հատիկներով զանգված, ինչպես նաեւ 68.3 գրամ, առանց մակնշման, միախառնված սպիտակ դեղահաբեր եւ դեղապատիճներ:

Ներնետման միջոցով արգելված իրերի փոխանցումը կանխվել է նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա: Օգոստոսի 29-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, արգելագոտու քողարկող պատի արտաքին հատվածից կատարվել է ներնետման փորձ դեպի բնակելի գոտու մասնաշենք։ Հիմնարկի ծառայողների կողմից  անմիջապես իրականացված միջոցառումների արդյունքում արգելապատի վերին հատվածից՝ փշալարի վրայից, հայտնաբերվել է փաթեթ՝ ամրացված ծանրությունն ապահովող քարով։ Փաթեթում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, առանձնացված 13.8 եւ 21.8 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ:

Նախապատրաստվող նյութերի շրջանակներում նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

--00—ԼՄ