Դոլարը հատեց 490-ի հոգեբանական սահմանը. ի՞նչ է կատարվում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News  

Նոյեմբեր ամիսը Հայաստանի տնտեսական կյանքում նշանավորվեց մի շարք կարեւոր իրադարձուոյթւններով, որոնցից մեկի մասին տեղեկատվությունը, չնայած իր կարեւորությանը, գրեթե աննկատ մնաց նախընտրական նորությունների ու քաղաքական վայրիվերումների հորձանուտում:

Նոյեմբերի 9-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը հատեց 490 դրամը մեկ դոլարի նկատմամաբ հոգեբանական սահմանագիծը: Ընդ որում, վերջին անգամ այս սահմանգիծը փոխարժեքը հատել է 2016 թվականի վերջին: Իհարկե, փոխարժեքի նման մակարդակը դեռեւս որեւէ խնդիր չի կարող ստեղծել ո՛չ Հայաստանի տնտեսության, ո՛չ էլ շարքային քաղաքացիների առօրյայում այն յուրահատուկ ազդանշան կարող է լինել տնտեսական ապագա զարգացումների համար:

Փոխարժեքի նման վարքագիծը պայմանավորված է մի քանի ֆունդամենտալ պրոցեսներով, որոնք ընթանում են մեր երկրի տնտեսությունում: Դրանցից առաջինն ու, թերեւս, ամենակարեւորը արտասահմանից ստացվող դրամական փոխանցումներն են կամ այսպես կոչված՝ տրանսֆերտները: Վերջին 15-20 տարիներին այս գործոնն է մեծապես պայմանվորել ինչպես ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ, այնպես էլ, ավելի լայն առումով, Հայաստանի տնտեսության վիճակը: Ե՛վ 2009 թվականի մարտի, ե՛ւ 2014 թվականի դեկտեմբերի դրամ-դոլար փոխարժեքի կտրուկ արժեզրկումներին նախորդել են արտասահմանից ստացվող տրանսֆերտների շոշափելի էական անկումներ: Վերջին անգամ արտասահմանից ստացվող տրանսֆերտների նվազումը եղել է 2016 թվականին, որից հետո ամբողջ 2017 թվականն ու 2018 թվականի մեծ մասը նշանավորվել են տրասֆերտների աճով, սակայն սկսած 2018 թվականի օգոստոսից կրկին արձանագրվեց արտասահմանից ստացվող տրանսֆերտների նվազում: Սրան գումարվեց նաեւ մեկ այլ, արդեն երկրորդ տարին անընդմեջ շարունակվող երեույթ՝ Հայաստանից դուրս փոխանցվող տրանսֆերտների աճ: Արդյունքում, 2018 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստան մտնող զուտ տրանսֆերտների մեծությունը կազմեց 449 մլն դոլար, նախորդ՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի 536 մլն դլորի համեմատությամբ: Եթե ավելի պարզ ասենք, 2018 թվականին Հայաստան միայն տրանսֆերտների գծով մտել է 87 մլն դոլարով պակաս արտարժույթ: Ակնհայտ է, որ նման գործոնը չէր կարող իր ազդեցությունը չթողնել փոխարժեքի վրա մեր երկրում:

Փոխարժեքի վարքագծի վրա ազդած հաջորդ կարեւոր գործոնը Հայաստանից ապրանքների արտահանման ծավալների նվազումն է: Կրկին, եթե տարվա առաջին մասում Հայաստանից ապրանքների արտահանումը արձանագրում էր աճ ու համապատասխանորեն, նաեւ արտարժույթի ներհոսք, ապա տարվա երկրորդ կեսին այդ աճը սկզբից սկսեց ամսեամիս դանդաղել, իսկ սեպտեմբերին արձանագրվեց անկում մոտ 15%-ի չափով: Դոլարային արտահայտությամբ, միայն սեպտեմբերին արտահանման նվազեցումով պայմանավորված, նախրդ տարվա սեպտեմբերի համեմատ երկրի արտարժույթի ներհոսքը պակասել է 132 մլն դոլարի չափով, իսկ եթե սրան գումարենք, որ ապրանքների ներմուծման աճի տեմպերը շարունակում են բարձր մնալ, ապա կրկին ակհայտ է դառնում, որ երկրում չի կարող չարձանագրվել լրացուցիչ ճնշում փոխարժեքի վրա:

Ընդհանուր առմամբ, եթե վերցնենք 2018 թվականի առաջին ինը ամիսներն ու համեմատենք նախորդ տավա ինը ամիսների հետ, ապա միայն արտաքին առեւտրի խորացող դեֆիցիտի ու տրանսֆերտների անկմամբ պայմանավորված արտարժույթի զուտ ներհոսքը Հայաստան կրճատվել է շուրջ 700 մլն ԱՄՆ դոլարով:

Լայն հասարակությանը հասկանալի է, որ նման ծավալի գումարի պակասի դեպքում մենք արդեն վաղուց պետք է տեսնեինք փոխարժեքի շեշտակի արժեզրկում: Վերջիվերջո, գրեթե բոլորին է արդեն հայտնի, որ ուղղակի օտարերկրյա ներդրումները պակասել են շուրջ 10 անգամ նախորդ տարվա համեմատ, եւ Հայաստան արտարժույթի ներհոսքի այս աղբյուրը ցամաքել է: Այդ դեպքում, ինչո՞ւ մենք արդեն չենք տեսել փոխարժեքի կտրուկ արժեզրկումը:

Իրականում, վերը նկարագրված գործոնները՝ արտարժույթի ներհոսքի ծավալների կրճատման առումով, սկսել են իրենց զգացնել տալ տարվա երկրորդ կեսին միայն՝ մասամբ պայմանավորված երկրում հեղափոխական գործընթացներով, իսկ մասամբ էլ՝ Ռուսասատանում աստիճանաբար վատթարացող տնտեսական վիճակով: Բայց այս գործոնը միայն մասամբ է բացատրում փոխարժեքի «չարժեզրկումը» մեր երկրում: Իրականում, կա մեկ այլ, ավելի կարեւոր գործոն: Եվ այդ գործոնը ներքին է՝ պայմանավորված ներկա հեղափոխական կառավարության տարվող քաղաքականությամբ

Այդ գործոնը կոչվում է՝ կոռուպցիայի դեմ պայքար: Ավելի ճիշտ, այդ գործոնն այն հետեւանքն է, որն առաջացել է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում: Դրա մասին բացեիբաց արտահայտվել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Փաշինյանն Ազգային ժողովում իր՝ վարչապետ չընտրվելու ելույթում։ Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում պետական բյուջեն կրճատել, դադարեցրել, վերացրել է տարբեր տեսակի ծախսեր: Միաժամանակ, պետական եկամուտները՝ հարկերի հավաքագրումը, նորանոր «ռեկորդներ» է սահմանել: Այսինքն, Հայաստանի պետական բյուջեի եկամուտների պլանը առաջին ինն ամսում կատարվել է, այն դեպքում, երբ բյուջեի ծախսային մասի պլանը՝ ոչ: Թվերով արտահայտված, պետական այս քաղաքականության արդյունքում, 2018 թվականի ինն ամսում պետական բյուջեն շուրջ 141 մլրդ դրամի գումար է հավաքել տնտեսությունից հարկերի տեսքով ու … Այո՝ չի ծախսել:

Չնայած այս քաղաքականությունը, վերջիվերջո, ողջունելի է, քանի որ ակնհայտ է՝ անարդյունավետ ծախսերը, պայմանավորված տենդերները չեղարկվել են, սակայն մակրոտնտեսական առումով այն կողմնակի էֆեկտ է առաջացրել: Տնտեսությունից «հանվել» է 141 մլրդ դրամ, շուկայում արձանագրվել է դրամի ծավալի կտրուկ անկում: Արդյունքում, չնայած նրան, որ երկիր մտել է շուրջ 700 մլն դոլար պակաս արտարժույթ, սակայն դրամ-դոլար փոխարժեքը կտրուկ չի արժեզրկվել, քանի որ միաժամանակ, կառավարությունը շրջանառությունից հանել է գրեթե 300 մլն դոլարի չափով ՀՀ դրամ: Այ սա՛ է հիմնական պատճառը, որ չնայած ֆունդամենտալ գործընթացներին, որոնք տեղի են ունենում Հայաստանի արտաքին առեւտրի ու միջազգային ֆինանսների ոլորտներում, մենք միայն նոյեմբերին ենք արձանագրում չափազանց համեստ ու դեռեւս չափազանց փոքր ճնշումներ արտարժույթի շուկաներում:

Ի՞նչ կլինի այս առումով Հասյատանում առաջիկա ամիսներին, մեծապես կախաված կլինի հենց այս գործոններից, ինչպես նաեւ ձմռան ցրտի աստիճանից: Վերջիվերջո, ցուրտ ձմեռներին գազի հավելյալ սպառումը ոչ ոք չի վերացնելու, իսկ գազի դիմաց Ռուսաստանին վճարվող ահռելի արտարժութային՝ դոլարային, գումարները՝ նույնպես: