Հայաստանն ու Արցախն ունեն բավարար ուժեր՝ իրենց պաշտպանելու համար. Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News 

Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Interfax-ին տված հարցազրույցում խոսել է հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացման մասին: Հարցին՝ ինչո՞վ է բացատրվում այն, որ սահմանային սրացմանը հաջորդեցին էթնիկ բախումներ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայերի ու ադրբեջանցիների միջև, Մնացականյանը պատասխանել է.

«Ցավալի է հետևել ատելության մթնոլորտի տարածմանը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև դրա սահմաններից դուրս: Հայաստանի համար խաղաղ կարգավորման գործընթացում կարևոր սկզբունք է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման համար առավելագույն ջանքեր գործադրելը: Անհնար է խաղաղ բանակցային գործընթաց վարել ատելության մթնոլորտի, պատերազմի հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքի ներքո: Անիմաստ է բանակցություններում առաջընթաց ակնկալել, երբ Ադրբեջանը մի կողմից ատելություն է հրահրում, մյուս կողմից, զուտ բառերով, խաղաղության ձգտում: Հայատյացության, պատերազմական հռետորաբանության պայմաններում անհնար է ենթադրել, որ մենք կարող ենք իրական առաջընթաց ունենալ բանակցություններում»:

Ի՞նչ անել՝ հետագայում նման բախումներից խուսափելու համար. այս հարցին անդրադառնալով՝ Մնացականյանը նշել է, որ նախ՝ պետք է լինի խաղաղ գործընթացի անհրաժեշտության գիտակցումը: Պետք է լինի քաղաքական կամք, կոնկրետ միջոցներ:

«Մենք բանակցություններ ենք վարում նաև տարբեր կոնկրետ քայլերի շուրջ, որոնք նպաստում են ատելության և պատերազմի հռետորաբանության նվազեցմանը: Այս առումով ԵԱՀԿ Մինսկի խումբը բազմաթիվ առաջարկներ ունի: Բոլոր այդ գաղափարները պետք է կյանքի կոչել: Մենք ունենք լավ օրինակ, երբ նախորդ տարի կարողացանք իրականացնել Բաքվից, Երևանից ու Ստեփանակերտից լրագրողների փոխանակման ծրագիր: Դրանից ստացված արդյունքը գուցե համեստ էր, բայց կարևոր: Դա խաղաղ գործընթացի կարևոր մասն է»,- ասել է նա:

Մնացականյանի խոսքով՝ հուլիսի 12-ին տեղի ունեցածը փաստացի 2016-ի ապրիլից հետո ուժի կիրառման ևս մեկ փորձ էր, սակայն Հայաստանը տվել է վճռական հակահարված այդ ագրեսիային՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի:

«Եվ Հայաստանը, և Լեռնային Ղարաբաղը բավարար ուժեր, ռեսուրսներ ունեն՝ սեփական պաշտպանության, անվտանգության ապահովման համար, և Ադրբեջանի հուլիսյան ագրեսիային տրված ջախջախիչ հակահարվածը դա ևս մեկ անգամ ապացուցեց»,- նշել է ԱԳ նախարարը:

--00--ԱԹ