Արմավիրում 2018-ին կատարված՝ 2,5 միլիոն դրամ արժեքով սարքավորման գողությունը բացահայտվել է

 ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News     

ոստիկանություն

Ասֆալտ փռող մեխանիզմից կատարված գողության մասին Արմավիրի բաժնում հաղորդումը ստացվել էր երկու տարի առաջ, 2018 թվականի մարտի 27-ին:

«Արարատ ճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակիցը հայտնել էր, որ գիշերը գողացել են Նորապատ գյուղի մոտակայքում, ճամփեզրին կայանված մեխանիզմի գլխավոր կառավարման վահանակը` պատճառելով երկուսուկես միլիոն դրամի վնաս:

Երկու տարի առաջ իրավապահների ձեռնարկած միջոցառումներն արդյունք չտվին: Ու թեև քրեական գործի վարույթը կասեցվեց, սակայն Արմավիրի քրեական հետախույզները շարունակում էին աշխատանքը նաև նախկինում կատարված այս հանցագործության բացահայտման ուղղությամբ:

Օրեր առաջ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանները պարզեցին, որ նշված գողությունը կատարել է Նոր Արմավիր գյուղի 28-ամյա մի բնակիչ: Բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 28-ին երիտասարդը ներկայացավ բաժին, խոստովանեց արարքն ու ներկայացվեց նախաքննական մարմնին:

Քրեական գործի վարույթը վերսկսվել է:

-- 00—ՄՀ