Գնման ներկա գործընթացքով քաղաքը պատվիրել է 100 փոքր տարողության ավտոբուս. Հակոբ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ քաղաքն ունի տրանսպորտային, և դրա լուծման ճանապարհին լրացուցիչ բարդություններ են ի հայտ գալիս՝ կապված գնման գործընթացի անկանխատեսելիության, կորոնավիրուսային համավարակի հետ:

«Ֆեյսբուքը հիշեցնում է, որ ուղիղ մեկ տարի առաջ «Սանիթեք»-ը վերջնականապես հրաժարվեց սպասարկել քաղաքը: Սա աղբի ճգնաժամի վերջին էտապն էր, արդեն մի քանի շաբաթ անց ոտքի կանգնող ԵԱՍՄ-ն ամբողջովին իրավիճակը վերցրեց վերահսկողության տակ ու քաղաքը վերջնականապես ազատվեց աղբային մղձավանջից:

Այդ նույն օրերին ու դրանից առաջ՝ ամիսներ շարունակ, մեր ընդդիմադիր որոշ գործընկերներ, «Սանիթեք»-ի հետ ձեն-ձենի տված ամեն կերպ փորձում էին կասկածի տակ դնել քաղաքային իշխանության գործողությունները աղբահանության ռեֆորմի հարցում: Ահռելի մեդիապղպջակներ էին փչվում՝ կասկածի տակ դնելով աղբատար «կամազների» ձեռքբերման օրինականությունը, անհարկի բողոքարկումներ էին հրահրվում՝ շաբաթներով ետ գցելով պրոցեսը: Ի վերջո, աղբի խնդիրը լուծվեց, «Սանիթեք»-ը՝ իր լեցուն աղբամաններով հանդերձ արդեն հեռավոր անցյալում է, բայց մեր սիրելի գործընկերների վարքագիծը՝ իրենց իսկ սանձազերծած «աղբային պատերազմների» ժամանակ, վառ կմնա մեր սրտերում :)

Հիմա մոտավորապես նման վիճակի մեջ ենք. քաղաքը ունի տրանսպորտային լուրջ խնդիր, եւ դրա լուծման ճանապարհին լրացուցիչ բարդություններ են ի հայտ գալիս՝ կապված գնման գործընթացի անկանխատեսելիության, կորոնավիրուսային համավարակի հետ եւ այլն: Եվ դրան գումարած, նույն մեր գործընկերները փորձում են մեդիապղպջակների միջոցով «փչացնել պատկերն» ու ի սկզբանե կասկածի տակ դնել տրանսպորտային ռեֆորմի արդյունավետուիթյունը:

Դրա հետ կապված՝ կարճ ասեմ, որ քաղաքը պատվիրում է ոչ թե որեւէ մակնիշի մեքենա, այլ պատվիրում է պայմաններ, որոնց պետք է համապատասխանեն պոտենցիալ մատակարարաները: Եվ ներկա գնման գործընթացքով քաղաքը պատվիրել է 100 փոքր տարողության ԱՎՏՈԲՈՒՍ, որոնք պետք է ունենան, մասնավորապես.

✅ ուղևորասրահում ջեռուցման և օդափոխման հնարավորություն (կոնդիցիոներ),
✅ սրահի այնպիսի բարձրություն, որ ուղեւորները կարողանան ամբողջ հասակով ազատ կանգնել,
✅ վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն,
✅ ուղևորների տեղեկացման էլեկտրոնային ցուցատախտակ,
✅ կանգառների ավտոմատ հայտարարման սարքեր,
✅ ցածր հատակ,
✅ հաշմանդամության սայլակի տեղավորման և տեղափոխման հնարավորություն,
✅ հաշմանդամություն ունեցող անձանց նստատեղերի և հաշմանդամության սայլակի հարևանությամբ կանգառի ազդանշանման կոճակ, եւ այլն (մրցույթի բոլոր պայմաններին կարելի է ծանոթանալ Yerevan.am կայքում):

Այս մրցույթն արդեն ավարտվել է, մոտ օրերս գնահատող հանձնաժողովը եզրակացություն կտա, որին կհետեւի ավտոբուսների մատակարարման ընթացքը:

Այո, սա աննախադեպ գնում է, որովհետեւ շատ վաղուց համայնքն իր միջոցներով հանրային տրանսպորտի միջոցներ չի գնել: Փոքր ավտոբուսների ձեռքբերումը ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, որ քաղաքը հրաժարվում է մեծ ավտոբուսներից: Հակառակը՝ 12 մետրանոց ավտոբուսների համար առաջիկայում նոր մրցույթ կհայտարարվի:

Տրանսպորտային ռեֆորմը Երեւանի քաղաքային իշխանության ամենամեծ առաջնահերթությունն է, եւ այն վստահաբար կիրագործվի:

Լուսանկարում՝ պայմանական մինի ավտոբուս: Մոտավորապես սրա նման 100 ավտոբուս է պատվիրվել»:

--00—ԼՄ