«ԲՀԿ-ի միտինգն արդեն իմիջի հարց է»․ իմքայլականները հորդորում են զգույշ լինել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Գագիկ

«ԲՀԿ-ն կանի միտինգ, դա արդեն իմիջի հարց է։ Չեմ կարծում, որ Ծառուկյանի համար հանրահավաք իրականացնելը խնդիր կլինի»։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Իրավիճակն առավել, քան լուրջ է։ Վերջին երկու տարիներին շատ ավելի մեղմ պայմաններում և շատ ավելի լոկալ խնդիրների շուրջ լուրջ բախումներ էին գնում։ Այսօր իշխանությունը գործ ունի ավելի կոնսոլիդացված ընդդիմության հետ», - ասել է քաղտեխնոլոգը։ 

Ըստ Հակոբյանի՝ ԲՀԿ-ականներն այժմ կարող են սկսել հանրահավաքներն այս պահին արդիական խնդրից՝ կրթությունից, հետո օրակարգում կհայտնվեն Ամուլսարի, պանդեմիայի և ԱՆ-ի խնդիրները։ 

«ՀՀ քաղաքական պրակտիկայում նման դեպքերը բազմաթիվ են։ Թվում է՝ այս խնդիրը մեծ զանգվածներ չի հավաքի, բայց արդյունքում հակառակն է լինում։ Ո՞վ կմտածեր, որ 2018-ին Գյումրիից Երևան քայլերթ իրականացնողները նման արդյունքի կհասնեին», - ասել է նա, ապա հավելել. «Այս իշխանությունները բավական մտահոգ են․ 2018-ին տեսել են և շատ լավ գիտեն, թե ինչ միտինգների է պատրաստ մեր հասարակությունը։ Նրանք արդեն իսկ պլաններ են մշակում։ Նույնիսկ եթե ԲՀԿ-ն հանրահավաքն իրականացնի ԱԴ ավարտից հետո, միևնույն է, նրանք ցուցարարների մեջ կմտցնեն մի քանի համբուրվողներ, իրար կողք կանգնածներ, որպեսզի ցրեն հավաքը»։ 

Քաղտեխնոլոգը կարծում է, թե իշխանականները մտահոգ են, իսկ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հակառակն է փաստում։ 

«Հասկանալի է, թե որն է լինելու ԲՀԿ իրականացրած հանրահավաքի կազմակերպչական մասը, եթե այն իրականում տեղի ունենա։ ԲՀԿ-ն կօգտագործի սեփական ռեսուրսներն ու իր մոտ աշխատող մարդկանց, ինչպես եղավ վերջերս, երբ Ծառուկյանի աշխատակիցներին կանչեցին նրա տան մոտ», - ասել է ԱԺ փոխնախագահը։

«Ո՞նց կարելի է 10 տարի հանրահավաք անողներին վախեցնել դրանով ու օրակարգ թելադրել։ Ուրախ եմ նրանց համար, հաջողություն եմ մաղթում իրենց հանրահավաքին և մաղթում եմ, որ զգույշ լինեն և հանկարծակի իրար չվարակեն, որովհետև պատգամավոր ունեն, որ դիմակ չի կրում», - նշել է նա։

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի մաղթանքին, ասում է, որ այն հետաքրքրում է իրեն այնքանով, որքանով թռչնագրիպի վարակը կարող էր հետաքրքրել Մովսես Խորենացուն։ 

«Նա ո՞վ ա, որ ինձ խորհուրդ տա։ Այդ ես եմ իրեն խորհուրդ տվել զգույշ և պարկեշտ լինել։ Ալեն Սիմոնյանը շատ ծանր է կրելու պատասխանատվությունը», - ասել է ԲՀԿ պատգամավորը։

Անդրադառնալով կուսակցականների՝ հանրահավաքների մասին հայտարարություններին, Պետրոսյանը հայտնել է՝ հանրահավաքներ լինելու են, բայց դրանց օրակարգը դեռ որոշված չէ։ Որ հարցը հուզի քաղաքացիներին, այդ հարցի լուծմանն էլ միտված կլինի»։
«Իշխանությունները ոչ մի հեղինակություն չունեն ո՛չ երկրի ներսում, ո՛չ դրսում։

Փաշինյանը, հասկանալով, որ ինքն այլևս օտարերկրյա ներդրումներ ապահովելու համար հեղինակություն չունի, հույսը դրել է տուգանքների վրա, որ կարողանա բյուջե լցնել և թոշակ տալ, որ հասարակական բունտ չառաջացնի», - նշել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Անի Հարությունյան

--00—ԼՄ