Եկել եմ՝ Արցախի Հանրապետության կողմից ստանալու «Մխիթար Գոշ». Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

թևան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այս դեպքի մասին էլի եմ պատմել. 2016 թվականի թվականի սեպտեմբերի 21-ին իմ թեկնածությունը ներկայացվել էր Հայաստանի Հանրապետության պետական պարգևով՝ «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրման համար։ Շնորհակալ եմ Գալուստ Սահակյանին այդ նախաձեռնության համար։ Այո, ունեցել ենք ժամանակներ, երբ իշխանությունը նույնիսկ գնահատում էր ընդդիմախոսին: Հուսամ, որ այլևս չեն լինի ժամանակներ, երբ դա հնարավոր չի լինի, երբ ընդդիմության առկայությունը չի գնահատվի գործող իշխանության կողմից։

Այդ պարգևը, սակայն, չստացա, քանի որ ինքս հրաժարվեցի կոնկրետ հասցեով գնալ և ստանալ այն... Իրականում հիմա էլ եմ համարում, որ եթե մարդն արժանի է պարգևի, ուղարկեք այն իր տուն: Ինչպես հետո շատ ընկերներ, բարեկամներ ու հարազատներ պնդել են, միգուցե ես սխալ եմ եղել։ Ընդունում եմ։

Այսօր այդ սխալը չեմ անում։ Եկել եմ ստանալու «Մխիթար Գոշ»՝ Արցախի Հանրապետության կողմից։ Շնորհակալ եմ պարգևատրմանն ինձ ներկայացրած իմ գործընկերներին՝ հատկապես Արթուր Թովմասյանին ու Դավիթ Մելքումյանին, և, անշուշտ, Արցախի իշխանություններին։ Իրականում այս հողը շատ ու շատ ավելի արժանիքներով մարդ է տվել, քան ես եմ։ Նրանցից շատերին թերագնահատել ենք, սակայն ապագայում կվերագնահատենք, վստահ եմ։ Կյանքն արդարության իր դասերն է մեզ տալիս, բայց հուսամ, որ արդարությունը միշտ հաղթելու է։

Իսկ այսօր պարզապես ասեմ՝ պատիվ ունեմ շարունակելու հայրիկիս ու պապիկիս գործը, բոլոր մեր նախնիների, ովքեր 1918 թվականից ի վեր պահպանել են հայկական այս հայրենիքի մեր մասնիկը, 1988 թվականի շարժման նախաձեռնողների, 1991-1994 թվականներին հայրենիքի համար զենքը ձեռքին կռվողների, այդ ընթացքում և մինչ օրս բոլոր մեր անմահացած հայրենակիցների, Արցախի Հանրապետության 1991 թվականից ի վեր բոլոր քաղաքական, ռազմական և տնտեսական ղեկավարների և, իհարկե, այսօր այս հողում ապրողների, այն պաշտպանողների ու շենացողների գործը։

Ծառայում եմ Արցախի Հանրապետությանը։ Ծառայում եմ Հայաստանին։
Աստված պահապան մեր ազգին ու Հայրենիքին։

Պատիվ ունեմ»։

--00--ԱԹ