Շինարարության ծավալների անկումը շարունակվել է նաև այս տարվա հուլիսին. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

շինարարություն

«Փաստը» գրում է. «Հայաստանի տնտեսությունը ծանր օրեր է ապրում. դեռևս տեսանելի չէ այն լույսը, թե երբ է սկսվելու տնտեսական վերականգնման փուլը։ Տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում շարունակվում են անկումային ցուցանիշներ գրանցվել, բայց ուշագրավ է, որ անկումային ցուցանիշներով աչքի է ընկնում հատկապես շինարարության ոլորտը։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարությունը կրճատվել է 23,4 %-ով։

Շինարարության ծավալների անկումը շարունակվել է նաև այս տարվա հուլիսին, երբ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ անկումը կազմել է 19,5 %: Ի տարբերություն մյուս ոլորտների, շինարարության ոլորտում անկման տեմպերը հուլիսին նախորդ ամսվա համեմատ փոքր-ինչ դանդաղել են: Այնուամենայնիվ, շինարարության ծավալները շարունակվում են զգալիորեն կրճատվել:

Այս համատեքստում արժե նկատել, որ շինարարությունը տնտեսության կարևոր ճյուղերից է, որը կառուցում և վերակառուցում է տարբեր նշանակության շենքեր ու կառույցներ, իսկ շինարարական աշխատանքների ծավալներն իրենց դրական մեծ ազդեցությունն են ունենում տնտեսության զարգացման ու սոցիալական ապահովության վրա: Շինարարությունը տնտեսության ամենահամակարգաստեղծ ոլորտներից մեկն է, որը մուլտիպլիկատիվ մեծ էֆեկտ է ապահովում։

Ըստ էության, շինարարությունը և շինմոնտաժային աշխատանքները նպաստում են մեծ քանակությամբ ապրանքատեսակների արտադրությանը կամ ներմուծմանը: Տնտեսության այս ճյուղի արտադրանքն արտադրական ձեռնարկությունների, տրանսպորտային ճանապարհների, էներգետիկ համակարգի, ջրատեխնիկական կառույցների, բնակելի տների, հանրակրթական դպրոցների, նախադպրոցների, գիտական, մշակութային և այլ հաստատությունների, օբյեկտների ավարտված և գործարկված շենքերն ու շինություններն են։

Սրա հետ մեկտեղ՝ անհրաժեշտ է ավելացնել այն հանգամանքը, որ շինարարության ոլորտը մեծ թվով քաղաքացիների զբաղվածության հարց է լուծում։ Եվ շինարարության անկման պարագայում այս ոլորտում աշխատանք ունեցող քաղաքացիները ցանկանալու են արտագաղթել և իրենց մասնակցությունը բերել այլ երկրների շինարարական աշխատանքներին։ Հիմա դա հնարավոր չէ կորոնավիրուսային համավարակի պայմաններում, իսկ դա ավելի է բարդացնում մարդկանց վիճակը: Փաստորեն, հաշվի առնելով շինարարության ոլորտի կարևորությունը, իրավիճակն իրապես մտահոգիչ է։

Եվ սա այն պարագայում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման ընթացքում հանրությանը մեծ խոստումներ էր տալիս, թե Հայաստանին շինարարական բում է սպասվում։ Ամիսներ առաջ էլ, պատասխանելով պատգամավորներից մեկի բարձրացրած հարցին, Փաշինյանը պատասխանեց, թե կառավարությունը մտադիր է էլ ավելի մեծացնել կապիտալ շինարարության ծախսերը և այդպիսով արտակարգ դրության ընթացքում լուծել արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների խնդիրը։

Բայց պարզ է դառնում, որ շինարարության ոլորտում կառավարության կողմից կատարված համապատասխան աշխատանքների դրական արդյունքները տեսանելի չեն, այլապես դրանք իրենց արտացոլումը կստանային պաշտոնական վիճակագրության մեջ։ Իսկ այս հանգամանքը չի խանգարում, որ վարչապետը փորձի հանրությանը հրամցնել, թե շինարարության մեջ դրական տեղաշարժեր են տեղի ունենում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ