Քաղաքականությունն ինքն է ինձ մոտ վերադարձել. Ռոբերտ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաընկերությանը: Հարցին՝ ինչո՞վ է զբաղվում ՀՀ երկրորդ նախագահն՝ այսօր, Քոչարյանը պատասխանել է.

«Քաղաքականություն, հանդիպումներ, քննարկումներ, կանխատեսումներ, հարցազրույցներ, կատարում եմ «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենի պարտավորությունները, այստեղ պետք է լինել թեմայի մեջ և պահանջված: Նաև կարող եմ նշել տարբեր հոբբիներ, ինքնազարգացում՝ գրքեր, ընթերցանություն, աշխատում եմ երկրորդ գրքի վրա, որի սյուժեն դեռ ավարտված չէ, բայց ինչ-ինչ նշումներ անում եմ արդեն»:

Նոր գրքի մասին մանրամասնելով՝ Քոչարյանը հայտնել է՝ առաջին գիրքն ինքնակենսագրական էր, որով ամփոփում էր իր քաղաքական ուղին՝ քանի որ կարծում էր՝ հեռանում է քաղաքականությունից:

«Բաղաքականությունը ինքն է ինձ մոտ վերադարձել, ու կարծում եմ՝ գիրքը կլինի վերադարձ, շարունակություն՝ այն մասին, ինչ տեղի է ունենում այժմ»,- նշել է նա:

ԽՈսելով դատական գործընթացի մասին՝ Քոչարյանը հայտնել է, որ դատական նիստերը տեղի են ունենում երեքշաբթի օրերին:

«Ես ինձ համար օրացույց եմ կազմել՝ առանց երեքշաբթիների. դա ժամանակի կորուստ է: Ինձ առաջադրված է աբսուրդ մեղադրանք, իմ փաստաբանները դեռ չեն կարողանում հասկանալ՝ ինչի մեջ են ինձ մեղադրում: Իրավական «աբրակադաբրա» է, փորձում ենք դա ապացուցել ոչ թե դատարանին, այլ ժողովրդին»,- ասել է Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահը խոստովանել է՝ տարիներ առաջ պաշտոնից հեռացել է հստակ որոշմամբ, որ պետք է զբաղվի ինչ-որ նոր, առավել հետաքրքիր բանով, բայց այժմ ստիպված է ամեն ինչ զրոյից սկսել:

«Այսօր մենք ստեղծել ենք քաղաքական պայքարի լուրջ գործիք. ստեղծվել է լավ թիմ, մենք բավական լավ ներկայացված ենք մեդիադաշտում, համացանցում, սոցցանցերում. դա այն է, առանց որի՝ քաղաքական պայքարը մեր օրերում անհնար է. դրա վրա ծախսվել է մեկուկես-երկու տարի: Երկրի ինտելեկտուալ պոտենցիալը խորհրդարանից դուրս է. այս առումով հետաքրքիր իրավիճակ է: Ընդդիմությունը մեդիայում գերիշխող դիրք ունի՝ ոչ թե այն պատճառով, որ վճարում է, այլ քանի որ առավել հետաքրքիր է»,- ասել է նա՝ նշելով, որ ժողովուրդն արդեն էյֆորիայից դուրս է եկել: 

Լրագրողը հետաքրքրվել է՝ տարիներ առաջ պաշտոնից հեշտությամբ հեռանալու պատճառն արդյո՞ք այն չէր, որ թողնում էր իր մարդուն՝ Սերժ Սարգսյանին: 

«Մասամբ՝ նաև այդ պատճառով էր հեշտ: Կարծում եմ՝ հետևորդի, գործը շարունակողի հարցը բոլորին է հետաքրքրում. այստեղ հարցը նաև անձերի մեջ չէ՝ որքանով ես նրան վստահում, այլ այն համոզմունքի մեջ, որ երկրում կառուցվածը չի քանդվի, այլ կշարունակվի»,- ասել է նա: 

--00--ԱԹ