29 տարի անց  չեն փոխվել մեր ձգտումները. Սամվել Բաբայանի շնորհավորական ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

սամվել

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ:

«Սիրելի´ արցախցիներ, աշխարհասփյուռ հայություն, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագրի իրավական արգասիքը հայոց դարավոր իղձերի և երազանքների արձանագրումն էր: Ազգային արժեքների, կենսակերպի և գոյապահպանության, դրանց զարգացման նկատմամբ սպառնալիքների հաղթահարման ձգտմամբ և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու վճռականությամբ արցախահայությունը, Հայաստանի և Սփյուռքի հետ ձեռք ձեռքի տված, նախորդ 29 տարիներին հետևողականորեն ստեղծել և զարգացրել է ազգային անվտանգության հիմնարար արժեքներ:

Սեպտեմբերի 2-ը բացառիկ նշանակություն և արժեք ունեցող տոն է յուրաքանչյուր հայի համար։ Անկախ, ինքնիշխան Արցախը հայ ժողովրդի միասնական ոգու, անկոտրուն կամքի, մեծ հայրենասիրության և հերոսական  պայքարի ծնունդ  է, որի նորօրյա պատմության  կերտողը մեզնից յուրաքանչյուրն է։ 29 տարի անց  չեն փոխվել մեր ձգտումները, որակափոխվել է միայն հռչակագրով ամրագրված ձգտումներն իրենց վերջնանպատակին հասցնելու ձևաչափը՝ սկզբունքորեն շեշտադրելով անվտանգություն-կայունություն-զարգացում շղթայի յուրաքանչյուր օղակը: Արցախի անվտանգությունն այլևս ցանկացած հայի պատվի և արժանապատվության հարցն է։

Վերստին շնորհավորում եմ Արցախի նորագույն պատմության կարևոր այս տոնի կապակցությամբ և  մաղթում ուժ և ավյուն՝ հայրենիքին անձնվիրաբար ծառայելու գործում»,- ասվում է ուղերձում։

--00—ԼՄ