Կրճատվել է քաղաքացիներից անվտանգության նորմերի խախտման հիմքով բողոքների թիվը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News  

ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դիտարկումները փաստում են՝ վերջին շրջանում տնտեսավարողների կողմից համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի հաստատած նորմերի խախտումները զգալիորեն նվազել են։ Կտրուկ կրճատվել է նաև քաղաքացիներից անվտանգության նորմերի խախտման հիմքով բողոքների թիվը։

ԱԱՏՄ-ից նաև տեղեկացնում են, որ որպես համեմատություն՝ եթե արտակարգ դրության սկզբում կասեցման որոշում էր կայացվում ստուգայցի ենթարկված ամեն 3-5-րդ տնտեսավարողի հանդեպ, ապա ներկայում մի քանի տասնյակ, անգամ հարյուրի հասնող ստուգայցերի արդյունքում կասեցման որոշում կայացվում է ընդամենը մի քանիսի հանդեպ։

ԱԱՏՄ Երևանի և մարզային թիմերը շարունակում են մշտադիտարկումները առևտրի և սպասարկման կենտրոններում, գեղեցկության սրահներում, դեղատներում։ Ներկայում հատուկ ուշադրության են առնվում բուժհաստատությունները, կորոնավիրուս ախտորոշող լաբորատորիաները, հանգստյան տներն ու հյուրանոցները։

Խախտումներ արձանագրելու դեպքում տեսուչներն իրականացնում են բացատրական աշխատանք, տրամադրում խորհրդատվություն, իսկ կազմված արձանագրություններն ուղարկվում են պարետատուն՝ կասեցման միջնորդությամբ։ Տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ժամանակավոր արգելք կիրառել պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված տնտեսավարողների հանդեպ։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ արձանագրվող հիմնական խախտումներն առնչվում են դիմակների համար նախատեսված փակվող աղբամանների բացակայությանը, անհատական պաշտպանիչ միջոցների և ախտահանիչների պահուստային պաշար չունենալուն, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների պատշաճ վարմանը։

-- 00—ՄՀ