Ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանը չի կալանավորվի, իսկ Էդգար Մալաքյանն արդեն ՔԿՀ֊ում է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News 

հասարակական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մերժեց ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»֊ի հետ զրույցում ասաց Գոռ Մալաքյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։ Բացի այդ՝ դատարանը նաև ոչ իրավաչափ է ճանաչել Գոռ Մալաքյանին ձերբակալելու մասին որոշումը՝ բավարարելով պաշտպանի բողոքը։

Նշենք, որ Մալաքյան եղբայրներից Էդգար Մալաքյանը կալանավորվել է մեկ ամսով դատավոր Հարություն Մանուկյանի որոշմամբ։ Դատարանը մասնակի բավարարել էր քննիչի միջնորդությունը, միևնույն ժամանակ ձերբակալությունը ճանաչել ոչ իրավաչափ։ Պաշտպանը հայտնեց, որ Էդգար Մալաքյանն արդեն տեղափոխվել է 《Արմավիր》 ՔԿՀ, իսկ կալանավորման մասին որոշումը պատրաստվում են բողոքարկել՝ վիճարկելով թե՛ հիմնավոր կասկածը, թե՛ կալանավորման հիմքերը։ Գոռ Միքայելյանի խոսքով՝ քննիչը կալանավորման միջնորդության մեջ ներառվել է գրեթե բոլոր հիմքերը՝ փախուստը, թաքնվելը, պատասխանատվությունից խուսափելը, նոր հանցանք կատարելը և գործի քննությանը խոչընդոտելը։ Վերոնշյալ հիմքերից դատարանը հաստատված է համարել քննությանը խոչընդոտելու ռիսկը, ինչը փաստաբանի պնդմամբ՝ ակնհայտ անհիմն է։

Նշենք, որ ֆուտբոլիստ եղբայրները մասնակցել են դատական նիստերին։

Ավելի վաղ հայտնել ենք, որ օգոստոսի 30-ին Կասկադում միջադեպ է տեղի ունեցել։ Ըստ իրավապահ մարմինների՝ երկու երիտասարդներ քաշքշել են ոստիկանության ծառայողների։ Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը: Նախաքննության վարկածով՝ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են։ Երիտասարդներին սեպտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը մեղադրանք է առաջադրվել և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, սակայն ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո սեպտեմբերի 2-ին՝ ժամը 23։30-ին և 23։45-ին եղբայրներն ազատ են արձակվել։ Բացի այդ՝ պաշտպանը հրապարակել էր երիտասարդների լուսանկարները՝ մարմնական վնասվածքներով։

--0--ԿԿ