Չի բացառվում, որ ԼՀԿ-ն աշնանը ԱԺ-ում ԿԳՄՍ նախարարին անվստահություն հայտնի. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

արայիկ.

«Հրապարակը» գրում է. «ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողների ցանկն առաջիկայում կընդլայնվի, չի բացառվում, որ ընդդեմ նախարարի բողոքի ակցիաները «Արայիկ հեռացիր»-ից փոխվեն «Նիկոլ հեռացիր»-ի։ Տևական ժամանակ է՝ «Կամք» հասարակական կազմակերպությունն է Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր կազմակերպում։ ՀՅԴ երիտթևն է պայքարում, նրանց միացել են նաև ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները:

Դաշնակցականները դժգոհում են Արայիկ Հարությունյանի վերջին օրենսդրական առաջարկից, որ բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դառնում են կամավոր, ոչ թե պարտադիր: Օրերս էլ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Կոտայքի կուսակտիվի հետ հանդիպման ժամանակ իր ելույթի առանցքում նախարարի նկատմամբ դժգոհություններն էր դրել։ «Մենք ստորագրություն էլ ենք հավաքելու, մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու: Ով չի ուզում, որ եկեղեցու դասընթացները հանվեն, սեռական դասընթացներ անցկացվեն, հայ գրականությունը, հայոց պատմությունը հանվի, «հայ» բառը հանվի, մենք դա չենք կարող թույլ տալ: Մեր երեխաները պետք է կրթվեն, դաստիարակվեն հայ գրականությամբ, հայ կրթությամբ»,- ասել էր նա։

Տեղեկացանք նաև, որ չի բացառվում, որ սեպտեմբերի 14-ին մեկնարկելիք ԱԺ աշնանային նստաշրջանում ԼՀԿ-ն էլ Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնի։ Մինչ արձակուրդը ԼՀԿ-ն հարցադիմում է ներկայացրել ԿԳՄՍ նախարարին՝ մատնանշելով այն հարցերը, որոնք մտահոգում են խմբակցությանը և առնչվում են կրթության բարեփոխումներին: Հարցապնդման պատասխանը քննարկելու են առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ