Երկրում խորանում են ապատիկ տրամադրությունները. Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News 

Հայրենիք

Այսօր «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին խորհրդի անդամներն ու մարզային կառույցների ղեկավարները։ Այս մասին հայտնում են «Հայրենիք» կուսակցությունից:

Ողջունելով ներկաներին՝ Արթուր Վանեցյանը նկատել է, որ մարզային կառույցներն ու «Հայրենիք» -ի շարքերը համալրող քաղաքացիներն օր օրի ավելանում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Նույնը փաստել են նաև մարզային գրասենյակների ղեկավարները։

«Այսօր «Հայրենիք»-ը կուսակցաշինական եռուն փուլում է։ Մենք ունենք թե՛ կադրային, թե՛ մտավոր, և թե՛ նյութական այն ռեսուրսը, որով կարող ենք կազմակերպել ցանկացած գործընթաց»,- նշել է Վանեցյանը։

Անդրադառնալով քաղաքական գործընթացներին՝ «Հայրենիք»-ի ղեկավարն ասաց, որ իր ղեկավարած քաղաքական ուժն այսօր ունի մեկ օրակարգ՝ «օր առաջ ազատվել ապաշնորհ իշխանություններից»։

«Նրանց՝ երկրի ղեկին մնալու ցանկացած ավել օր լրջագույն սպառնալիք է մեր պետության համար»,- ընդգծել է Վանեցյանը։

Մարզային կառույցների ղեկավարները հետաքրքրվել են, թե ինչպես է Արթուր Վանեցյանը գնահատում գործող իշխանությունների վարկանիշն ու ժողովրդի տրամադրությունները։

«Գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր ունեն համակիրների վտանգավոր ու ագրեսիվ փոքր բանակ և մի ստվար զանգված, որը չի ցանկանում ընդունել, որ սխալվել է՝ իշխանության բերելով այս ձախողակ կառավարությանը»,-պատասխանել է Վանեցյանը։

Խոսելով ժողովրդի տրամադրությունների մասին՝ «Հայրենիք»-ի ղեկավարը նկատել է, որ օրեցօր էլ ավելի շատ մարդիկ են տագնապի ու անորոշության մեջ հայտնվում, չեն հասկանում՝ ինչ է կատարվում այսօր, ինչ անել ու ինչ սպասել վաղը։

«Երկրում խորանում են անորոշությամբ ու հիասթափությամբ պայմանավորված ապատիկ տրամադրությունները, ինչը, որպես կանոն, անհետևանք չի մնում։ Այսօր ասֆալտով պարծենալու ժամանակը չէ, յուրաքանչյուր նոր ասֆալտապատված ճանապարհ մարդկային կորցրած կյանք է։ Հետևաբար բոլոր միջոցները պետք է ուղղվեն կորոնավիրուսի դեմ պայքարին, դրա հետևանքների վերացմանն ու համավարակի երկրորդ ալիքին ընդառաջ հնարավոր ռիսկերի նվազեցմանը»,- ասել է Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ այսօր ասֆալտի փոխարեն պետք է խոսվի արտաքին պարտքի մասին, ինչը զգալիորեն ավելացել է, և որի ֆոնին շարունակվում է չհիմնավորված պարգևավճարների շռայլումը։

Անդրադառնալով կրթական չափորոշիչներին՝ Վանեցյանն ընդգծել է, որ այսօր կառավարությունն այդ ոլորտում էլ է իրարամերժ տեղեկություններ փոխանցում։

«Որևէ մեկին հայտնի չէ՝ ի վերջո, երբվանից ու ինչպես են իրականացվելու, իրենց բնորոշմամբ, կրթական բարեփոխումները, իսկ մեր բնորոշմամբ՝ աղետալի հետևանքներով լի կրթական գործընթացները»,- խոսքն ամփոփել է Արթուր Վանեցյանը՝ կուսակիցներին տեղեկացնելով, որ հանդիպումները դառնալու են էլ ավելի ինտենսիվ ու բազմավեկտոր։

--00--ԱԹ