Պղծել են Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի գերեզմանները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը, ահազանգում է՝ պղծվել են ապրիլյան պատերազմի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները: 24News-ի հետ զրույցում նշեց. «Թող պարզեն՝ ինչ է կատարվել, սա էլ երկրորդ դեպքն է, որ նման բան են անում: Այո, ես միտում եմ տեսնում ու հատկապես Արցախի երկու հերոսների շիրիմների հանդեպ: Հո այլմոլորակայինները չեն եկել գերեզմանաքարերի վրա տեխնիկական յուղ թափել ու գնացել: Մարդկային գործոն կա այստեղ»:

Հերոսների շիրմաքարերին հետքեր իսկապես կան, որոնք, առաջին հայացքից, հալված մոմի են նման: Հիշեցնենք, որ օրեր առաջ Եռաբլուրում քաղաքական ուժերից մեկը մոմավառություն էր իրականացրել, ու հնարավոր է, որ շիրմաքարերին հայտնված հետքերը ոչ թե դիտավորություն է, այլ՝ անզգուշություն:
 
Ոստիկանության լրատվական ծառայությունը հաստատում է մեր վարկածը․ Եռաբլուրում կատարվածը միտումնավոր գործողությունների հետևանք չէ: «Համացանցում հրապարակումներ եղան, որ Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը։ Այդ կապակցությամբ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12-ի սահմաններում, հաղորդում է ստացվել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնում։ Եռաբլուր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների, այդ թվում՝ փորձաքրեագիտական վարչության ծառայողներ։

Տեղում ձեռնարկված միջոցառումներով պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, նախնական տվյալներով՝ շիրմաքարերի հետքերը երկու օր առաջ Եռաբլուրում տեղի ունեցած մոմավառության հետևանքն են։

Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

--0--ԿԿ