Ուզում եմ վստահ լինել, որ երկրորդ մրցաշրջանս ավելի լավն է լինելու․ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

սպորտ

«Արսենալին» պաշտոնապես հրաժեշտ տալուց ու որպես հիմնական ֆուտբոլիստ «Ռոմա» տեղափոխվելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել իտալական ակումբի մամուլի ծառայությանը, այս մասին հայտնում է armsport.am-ը։

-Նախորդ մրցաշրջանում վարձավճարով էիք եկել այստեղ, այս անգամ որպես ակումբի հիմնական անդամ եք Հռոմում։ Որքանո՞վ է կարևոր, որ ապագան դասավորվի ու կարողանաք կենտրոնանալ միայն ձեր ֆուտբոլի վրա։

-Անկեղծ ասած, ես երբեք չեմ անհանգստացել դրա պատճառով։ Միշտ մտածել եմ լավ խաղալ ու օգնել թիմին, իսկ հետո՝ մրցաշրջանի վերջում, տեսնել արդյոք կարո՞ղ ենք համաձայնության գալ իմ, «Ռոմայի» ու «Արսենալի» միջև, որպեսզի մշտական հիմունքներով մնամ այստեղ։

Շատ ուրախ եմ, որ հիմա այստեղ եմ, շատ ուրախ եմ, որ «Ռոմայի» հետ մշտական պայմանագիր եմ կնքել։ Կարծում եմ՝ լավ որոշում եմ կայացրել, ճիշտ որոշում ինձ ու կարիերայիս համար, անհամբեր սպասում եմ այստեղ ևս մեկ մրցաշրջան անցկացնելուն։

-Հիմա դուք թիմի մշտական անդամ եք․ դա ինչ-որ ձևով փոխո՞ւմ է ձեր մտածելակերպը, կամ հանդերձարանում վարվելակերպը։

-Երբեք։ Դա ոչինչ չի փոխում։ Ես նույն տղան եմ։ Ես նույն խաղացողն եմ, նույն ամբիցիաներն ունեմ․ ոչինչ չի փոխվել։ Ինձ համար տարբերություն չկա ես վարձավճարով եմ, թե մշտական պայմանագիր եմ կնքել․ միշտ քրտնաջան աշխատում եմ, ինձ միշտ առաջ եմ մղում՝ մարզումների ու խաղերի ժամանակ ինձ լավագույնս դրսևորելու։

Միայն կարող եմ ասել, որ ամեն ինչ տալու եմ ակումբի համար ու առավելագույնն եմ անելու խաղերի ժամանակ, որպեսզի հաջողության հասնեմ թիմի հետ։

-Այս տարի սովորականից տարբերվող նախամրցաշրջան էր։ Ինչպե՞ս էիք լիցքաթափվում կարճ դադարի ընթացքում, ու տարբերվող ինչ-որ բան անո՞ւմ էիք, որ վերադառնալիս լավ մարզավիճակում լինեիք։

-Նախևառաջ, այս արձակուրդը, որ մեզ տրվեց մի քիչ այլ ժամանակում էր,  որովհետև առաջ մենք միշտ տարվա այլ ժամանակահատվածում էինք արձակուրդ ունենում։ Արձակուրդները միշտ լինում էին մայիսի վերջին և հունիսին, իսկ հետո՝ հուլիսին, սկսում էինք նախապատրաստությունը։ Այս մրցաշրջանը բավականին ուրիշ էր․ կարծում եմ՝ մենք դեռ դադար կունենանք, բայց ոչ այնքան՝ որքան նախկինում։

Բայց մտովի ու ֆիզիկապես լավ է մի փոքր դադար ունենալը, իսկ հետո թարմ վերադառնալը։ Նախամրցաշրջանի համար չենք կարող որևէ տեղ գնալ, բայց վստահ եմ, որ այստեղ լինելով՝ կարող ենք էլ ավելի քրտնաջան աշխատել ու կենտրոնանալ մարզման վրա։

-Նախորդ տարի թիմին միացաք, երբ մրցաշրջանն արդեն ընթացքի մեջ էր, իսկ այս մրցաշրջանում թիմի հետ մասնակցելու եք պատրաստությանը։ Խաղացողի համար այդ կայունությունը իսկապես օգտակա՞ր է։

-Դե, նախորդ մրցաշրջանից շատ բաց չէի թողել, կարծում եմ՝ երկու խաղի էի բացակայել՝ «Ջենոայի» ու «Լացիոյի» դեմ։ Այս տարի, իհարկե, կարծում եմ՝ առաջին խաղից հասանելի կլինեմ։

Ամենակարևորն այն է, որ ուզում եմ լավ մարզավիճակում լինել և ուզում եմ օգնել թիմին խաղալով, հնարավորինս շատ գոլեր խփելով ու փոխանցումներ կատարելով։ Որովհետև ինձ ուրախացնում է թիմին հաղթելիս տեսնելն ու այն, որ ես իմ մասն ունեմ այդ հաղթանակի գործում։

-Անհատական մակարդակում նախորդ մրցաշրջանը բավականին լավ ավարտեցիք՝ շատ գոլերի մեջ ձեր ներդրումն ունենալով։ Վստա՞հ եք, որ այս մրցաշրջանն էլ կարող եք նույն հունով անցկացնել։

-Երանի այդքան հեշտ լիներ։ Բայց ամեն ինչ կարող է փոխվել։ Միակ բանը, որ կարող ենք անել շարունակել քրտնաջան աշխատելն ու տեսնելն է՝ արդյոք կարող ենք պարգևի արժանանալ դրա դիմաց։

Ես ֆուտբոլ եմ խաղում գոլեր խփելու ու փոխանցումներ անելու համար, բայց, իհարկե, միշտ գլխավորը դա անելը չէ, որովհետև որոշ խաղերում կարող ես հիանալի ելույթ ունենալ առանց գոլ խփելու կամ փոխանցում անելու, և կարող ես քո ներդրումն ունենալ թիմի հաղթանակում։ Այնպես որ, կարծում եմ, որ ավելի կարևոր է շարունակել դաշտում քրտնաջան աշխատելն ու թիմին հաղթել օգնելը, քան գոլ խփելու ու փոխանցում անելու մասին մտածելը։

Բայց ես շարունակելու եմ ինձ առաջ մղել, առավելագույնն անել նախորդ տարվա վիճակագրությունս գերազանցելու ու մյուս մրցաշրջանում ավելի լավ վիճակագրություն գրանցելու համար։

-Ձեր վերադառնալուց հետո ինչպիսի՞ն էր խաղացողների վերաբերմունքը։ Ակնհայտ է, որ նախորդ մրցաշրջանը լիգայում լավ հաջողություններ գրանցվեցին, բայց վերջին խաղում, գուցե, որոշ մարդիկ մոռացել էին այդ մասին․․․

-Դեռևս բոլորս միասին շատ ժամանակ չենք անցկացրել, որովհետև ողջ թիմը միայն մեկ-երկու օր է, ինչ այստեղ է ու շատերն էլ մեկնել են ազգային հավաքականներին միանալու։ Բայց հիմա նոր մրցաշրջան է, գրքի նոր էջ, պիտի դրական լինենք ու դրական մտածենք։

Պիտի վստահ լինենք, որ այս տարի կարող ենք ինչ-որ բան նվաճել։ Հեշտ չէ, որովհետև բոլոր թիմերն էլ նույնն են ուզում։ Բայց համոզված եմ, որ այս թիմը ավելի մեծ բանի հասնելու կարողություն ու հնարավորություն ունի, քան նախորդ տարի։

--0--ԿԿ