Սրբություն չունեն․ գերեզմանաքարերի վրա մոմ չէր, կարի մեքենայի յուղ է եղել. Ուրֆանյանի մայր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ուրֆանյան

Օրեր առաջ համացանցում հրապարակումներ եղան, որ անհայտ անձինք պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ, Արցախի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները։ Թեմայի վերաբերյալ 24News-ը զրուցել է Արմենակ Ուրֆանյանի մոր՝ Համեստ Ներսիսյանի հետ։

«Ոչ մեկ սրբություն չունի։ Սպասում եմ, որ զանգեն ու ասեն, որ Եռաբլուրում տեղի ունեցած մոմավառության արդյունք է եղածը։ Սուտ է, դա մոմ չէր, ինձ հետ էլի մարդիկ են եղել, մենք շոշափել ենք և հասկացել։ Դա կարի մեքենայի յուղի նման հոտով յուղ էր», - ասել է Ուրֆանյանի մայրը՝ շարունակելով․ 

«Վախենում եմ միայն այն բանից, որ չասեն՝ տեսախցիկները միացված չեն եղել։ Հոտը դեռ թարմ էր։ Սպասում եմ ոստիկանապետի և ՌՈ-ի վերլուծությանը։ Ոնց որ անընդհատ ուզենան ծնողի ձայնը բարձրաձայնել։ Այլևս սպասելու ուժ չունեմ»,- ասել է նա։

Նկատենք, որ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12-ի սահմանում, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ պղծվել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը։

Նախնական տվյալների համաձայն՝ շիրմաքարերի հետքերն օրեր առաջ Եռաբլուրում տեղի ունեցած մոմավառության հետևանք են։ Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։

Աննա Դանիելյան

--00—ԼՄ