ՄԻԵԴ-ը Ռամիլ Սաֆարովի արարքը չի վերագրել Ադրբեջանին. վճիռը բողոքարկվել է Մեծ Պալատին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Մարգարյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դիմումատուների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանն ու Լևոն Գևորգյանը Ռամիլ Սաֆարովի գործով ՄԻԵԴ-ի Պալատի վճիռը բողոքարկել են Մեծ Պալատին: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Սիրանուշ Սահակյանը:

«2020 թվականի մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի գործով կայացրեց վճիռ՝ կապված Ռամիլ Սաֆարովի՝ Հունգարիայից Ադրբեջան տեղափոխման իրավաչափության, հետագա ներման ու հերոսացման հետ:

Եվրոպական դատարանը գտավ, որ, դաժան հանցագործին ներում շնորհելով, Ադրբեջանը խախտել է Գուրգեն Մարգարյանի և Հայկ Մակուչյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը և արձանագրեց հայերի հանդեպ էթնիկ խտրականության Ադրբեջանական ինստիտուցիոնալացված քաղաքականությունը:​

Այդուհանդերձ, Եվրոպական դատարանը ինքնին Գուրգեն Մարգարյանի սպանությունը և Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձը չվերագրեց Ադրբեջանին՝ հենվելով Հունգարական դատավճռի այն հետևություն վրա, որ այդ արարքները կատարելիս Սաֆարովը գործել է մասնավոր կարգավիճակով:

Եվրոպական դատարանը նաև պատասխանատվությունից ազատեց Հունգարիային:​Նկատի ունենալով այս գործի իրակավան կարևորությունը և դրա նկատմամբ հանրային մեծ հետաքրքությունը՝ տեղեկացնում ենք, որ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը Եվրոպական դատարանի Պալատի վճիռը բողոքարկվել է Մեծ Պալատին»,-գրել է Սիրանուշ Սահակյանը:

--00—ԼՄ