Ռեկորդ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. ցմահ դատապարտյալի անունը գրանցվել է «Դյուցազնագրքում»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

դյուցազն

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են ազատազրկված անձանց զբաղվածությունը շահավետ օգտագործելու միջոցառումները: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:

«Այդ միջոցառումների շրջանակում օգոստոսի 31-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ և ՀՀ ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիա» հասարակական կազմակերպության ներկայությամբ անցկացվել է հերթական ռեկորդի գրանցումը: Ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանը, օգտվելով դատապարտյալներին ընձեռված մարզական միջոցներից և հնարավորություններից, իր համառ կամքի ու հիմնարկի մարզասրահում ամենօրյա քրտնաջան պարապմունքների շնորհիվ 16 կգ կշռաքարը երկու ձեռքով մեկընդմեջ 25 րոպե ժամանակահատվածում 707 անգամ բարձրացրել է ուսագոտուց վեր՝ գրանցելով կատարյալ ռեկորդ:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Մանուկյանը Թաթուլ Միրզոյանին հանձնեց ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիա» ՀԿ-ի կողմից տրամադրված «Դյուցազնագիրը» առ այն, որ դատապարտյալի անունը գրանցվել է «Դյուցազնագրքում»»,- նշված է հաղորդագրությում:

--00—ԼՄ