Խախտումները նվազել են, սակայն կասեցումներ դեռ կան, դրանց թվում է նաև «Եվրոբազա»-ն․ ԱԱՏՄ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերջին օրերի ստուգայցերը փաստում են՝ համավարակի տարածումը կանխելու նորմերը ներկայում տնտեսավարողների կողմից շատ ավելի բարեխղճորեն են պահպանվում։ Ըստ այդմ՝ կտրուկ նվազել է նաև խախտումների հիմքով կասեցումների թիվը։ Այսուհանդերձ, դեռևս կան տնտեսավարողներ, որոնց մոտ սանիտարահամաճարակային կանոնները շրջանցվում են։

Նախորդ օրերին արձանագրած խախտումների հիմքով այսօր ԱԱՏՄ-ն մայրաքաղաքում կասեցրել է 5 տնտեսավարողի գործունեություն, այդ թվում՝ «Յունիվերսալ Փրոջեքտ» ՍՊԸ-ն՝ «Եվրոբազա» առևտրի կենտրոնը, հագուստի, կենցաղային տեխնիկայի, ավտոպահեստամասերի, կահույքի խանութներ։

Եվս երկու տնտեսավարողի աշխատանքն արգելվել է Արմավիր և Մասիս քաղաքներում։

ԱԱՏՄ-ն շարունակում է դիտարկումները կորոնավիրուսով վարակվածների որոշակի թվաքանակ ունեցող տնտեսավարողների մոտ։ Ըստ այդմ, այսօր ուժեղացված ստուգայց է անցկացվել Թալին քաղաքի ամբուլատոր կազմակերպություններից մեկում, որտեղ կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։

Դիտարկումները փաստում են նաև, որ անվտանգության կանոնները շարունակում են հաճախակի խախտվել գեղեցկության սրահներում ու վարսավիրանոցներում։ Դրանց հիմքով կրկին գործունեության ժամանակավոր կասեցման միջնորդություններ են ներկայացվել պարետին։ Այս տնտեսավարողների մոտ կանոնների խախտումներն առավել ռիսկային են այն առումով, որ հաճախորդն ու աշխատողը գտնվում են միմյանց շատ մոտիկ։

Տեսչական մարմինը հերթական անգամ հիշեցնում է՝ հարկ է խստագույնս հետևել պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոններին։ Դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը շարունակական է:

--00--ԱԹ