Երեխա ունենալու դեպքում տղամարդիկ ևս հայրության արձակուրդ կստանան, տևողությունը՝ 5 օր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել օրենքի նախագծին, համաձայն որի՝ հայերերը ևս երեխա ունենալու դեպքում արձակուրդ կստանան՝ այսպես կոչված «հայրության արձակուրդ»:

Նախագծի հեղինակներ են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Ծովինար Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Արմեն Փամբուխչյանը և Նարեկ Զեյնալյանը: Օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից:

«Երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով»,- ասել է Ծովինար Վարդանյանը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է ԱԺ լիագումար նիստում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն առաջարկել է, որ հայրության արձակուրդի 2 օրերի համար վճարի գործատուն, իսկ մնացած 3 օրերի համար՝ պետությունը, սակայն առաջարկը չի ընդունվել:

--00—ԼՄ