Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ազգային արժեքների պաշտպանության» ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Կաթողիկոս

Սեպտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբին։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: 

Նախաձեռնության անդամները Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին նախաձեռնության առաքելությունն ու ծրագիրը, անդրադարձան նախաձեռնության հեղինակած օրենքի նախագծին՝ ուղղված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանությանը։

Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց հայորդիներին և կարևորեց ազգային արժեքների պաշտպանության հարցում նրանց ազնիվ ձգտումներն ու նախանձախնդրությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ հայոց ինքնությունը դարերով կերտած ազգային-հոգևոր արժեքները և նախնիներից ավանդված ժառանգությունը գրավականն են ազգի հարատևության և մեր անկախ պետականության ամրության:

--00--ԱԹ