Հայաստանը մասնակցում է ԱՊՀ երկրների ՀՕՊ համակարգի մարտական պատրաստվածության ստուգմանը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Հայաստան

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ 7 երկրներ ուրբաթ սկսված վարժանքի ժամանակ կստուգեն հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի մարտական պատրաստվածությունը։ Մասնավորապես՝ մշակվելու է ՀՕՊ ուժերի կիրառումը ԱՊՀ պետությունների պետական սահմանները խախտող օդանավերի դեմ։  Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Մոսկվայի ժամանակով 8։00-ին սկսված զորավարժություններին մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ ՀՕՊ միացյալ համակարգը ղեկավարում են Մոսկվայում ՌԴ Օդատիեզերական ուժերի կառավարման կենտրոնից։ «Վարժանքի շրջանակում մշակվելու են օդային տարածքի օգտագործման կանոնները խախտող օդանավերի, ԱՊՀ անդամ պետությունների պետական սահմանները խախտող օդանավերի, առևանգված օդանավերի դեմ, ինչպես նաև աղետի ենթարկված օդանավերի անձնակազմերին օգնություն ցուցաբերելիս ՀՕՊ հերթապահ ուժերի կիրառման հարցերը»,- հստակեցրել են գերատեսչությունից։

Վարժանքներում ներգրավված է 7 երկրի տարածքում 130-ից ավելի հրամանատարական կետ, 60-ից ավելի օդանավ, զորավարժություններին մասնակցում են նաև Սու-27, ՄիԳ-29, ՄիԳ-31 և Յակ-130 կործանիչներ, Սու-24 և Սու-34 ճակատային ռմբակոծիչներ, Սու-25 գրոհիչներ, Տու-22, Տու-160 ծանր ռմբակոծիչներ։

«Օդանավերի անձնակազմերը վարժանքներին մասնակցող 7 երկրի օդային տարածքում կանցկացնեն փոխադարձ մանևրումներ»,- հավելել են գերատեսչությունից։

-- 00—ՄՀ