Դատավոր Գևորգ Նարինյանի կալանավորման ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News 

հասարակական

ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը ևս երկու ամիս կմնա կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է Նարինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Մհեր Հակոբյանը։

Նրա փոխանցմամբ՝ դատարանի որոշումը դեռևս չեն ստացել և ստանալուց հետո միայն կքննարկվի բողոքարկման հարցը, սակայն նշեց, որ ամենայն հավանականությամբ՝ որոշումը կբողոքարկվի։

Հիշեցնենք, որ Գևորգ Նարինյանը կալանավորվել էր հուլիսի 20-ին։ Պաշտպանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այս ընթացքում, թեև իր պաշտպանյալը գտնվել է անազատության մեջ, նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել։ Ստացվում է՝ անձը գտնվում է կալանքի տակ, նրա կալանավորման ժամկետը երկարացվում է, բայց նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվում։ Ինչ վերաբերում է Գևորգ Նարինյանի առողջական վիճակին, պաշտպանը հայտնեց, որ վերջինս գտնվում է բժշկի հսկողության տակ, քանի որ ունի ճնշման խնդիր, մասնավորապես, նրա առողջական վիճակը լավ է, սակայն բժշկի հսկողության ներքո է գտնվում՝ բացասական հետևանքներից խուսափելու համար։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուլիսի 16-ին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ ԲԴԽ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով, ինչը հուլիսի 17-ին ԲԴԽ-ն բավարարել էր ու ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տվել։ Գևորգ Նարինյանին մեղադրանք է առաջադրվել մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), ՔՕ 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), ՔՕ 310.1-րդ հոդվածով(ապօրինի հարստանալը), ՔՕ 314.3-րդ հոդվածով (Հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։ Իսկ դատավոր Արա Կուբանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։

Դատավորներն իրենց առաջադրված մեղադրանքներն չեն ընդունում։

Հուլիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Նա տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ։
Գործով մյուս մեղադրյալը՝ դատավոր Արա Կուբանյանը, չի կալանավորվել. Դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը, ինչը վերաքննիչ դատարանը թողել է ուժի մեջ։

--0--ԿԿ