Երբ դերասանը ստանում է 60 հազար, իսկ նախարարը՝ 1․5 մլն, ստեղծվում է անարդարության մթնոլորտ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News 

Դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը, 24TV-ի եթերում անդրադառնալով երկրում տիրող քաղաքական ու հասարակական իրավիճակին, նշեց, որ այս հակամթնոլորտը չի նպաստում որևէ ստեղծագործական նոր մտքի, թռիչքի, չի նպաստում արվեստում նոր գործ ստեղծելուն։

«Երբ երիտասարդ դերասանը ստանում է 60-70 հազար դրամ, իսկ նախարարը՝ 1,5 մլն, ստեղծվում է անարդարության մթնոլորտ, որը սարսափելի է։

Երկու տարվա ընթացքում մեր հասարակությունը դարձել է պրոֆեսիոնալ բողոքող։ Ես չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ ամեն օր կան բողոքներ։ Այն ժպիտը, բարի աչքերը, որ կարոտել ենք դիմացինի մեջ, այսօր արդեն չկան։

Ջնջենք նախկիններին՝ չստեղծած նորը․ դա չէ այն գաղափարը, որով պետք է ապրենք։ Նախկինների ժամանակ՝ նախկինների ժամանակ էր, ես ապրում եմ այսօրվա կյանքով։ Իրար չհերքելու, չջնջելու, իրար չատելու մթնոլորտը հիմա ավելի քան կարևոր է։

Դու նախարար ես, դու ո՞նց ես անտեսում մարդկանց կարծիքը, շփվելու մշակույթ էլ կա, մարդկանց լսելը նույնպես մշակույթ է։ Ովքե՞ր են այն ֆանտաստիկ պրոֆեսիոնալները, որոնք արժանի են 1,5 մլն աշխատավարձի, գումարած պարգևավճարներ, միայն թե հանկարծ չգնան։

50 տարի ծառայելուց հետո, արժանապատիվ ծերությունս վայելելու փոխարեն՝ ձեռքս պարզած ընկնեմ թաղապետարան, որ գույքահարկս զեղչե՞ն։ Իմ այսօրվա միակ եկամուտը՝ թոշակս, շատ ավելի ցածր է, քան գույքահարկը։ Այսքան գործ անելուց հետո, եթե ինձ զգում եմ լքված, մոռացված ու արժեզրկված, ուրիշնե՞րն ինչ ասեն։

Հեշտ ու հանգիստ մոռանում են արժեքներ ստեղծած բազմաթիվ մարդկանց։
Արժեքներ ստեղծած և այսօր անտեսված մարդն է մեր հպարտության առիթը, ոչ թե գլխարկ դնել՝ գնալ փողոց փակելը»,-ասել է դերասանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ