Ալեքսանդր Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 20, 24News

Thumbnail

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ Ալեքսանդր Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

«Որքան գիտեմ՝ այդ գործով նախաքննությունը շարունակվում է: Ես համոզված եմ, որ այդպիսի բազմաթիվ գումարներ կվերադարձվեն պետական բյուջե»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որ փուլում է Ալեքսանդր Սարգսյանի հաշիվներից մեկում եղած 30 մլն դոլարը բյուջե գանձելու գործը:

Նրա խոսքով՝ հաճախ երբ ինքը հարց է բարձրացնում, թե ինչու այս կամ այն գործը մեծ  արագությամբ առաջ չի գնում, դրան շատ պարզ պատասխան է հնչում: «Ասում են՝ «դե որ Պողոսը, Պետրոսը ակտիվացել են, վկաները գալիս խուսափողական ցուցմունքներ են տալիս: Հիմա ավելի լավ է ոչ մի գործողություն չանենք, որովհետեւ այս ընթացքում ինչ էլ անենք, տեղապտույտի մեջ ենք հայտնվելու»: Մենք պետք է հասկանանք, որ քաղաքական իրավիճակը, նույնիսկ, երբեմն, միջազգային իրավիճակն ազդում է այդ գործի քննության վրա, այն իմաստով, որ քննիչները ստիպված են իրենց մարտավարությունն ամբողջությամբ փոխել այս կամ այն քաղաքական իրավիճակի բերումով»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ երբ երկրում արտահերթ ընտրությունների լինել-չլինելու հարց կար, հոկտեմբերի 2-ի զարգացումները կային, բոլորը՝ դատախազ, քննիչ, մեղադրյալ ու վկա, ասում էին՝ լավ, տեսնենք, թե ինչ է լինելու սրա վերջը: «Նաև այս տրամաբանությունից ելնելով ճիշտ էր հնարավորինս շուտ արտահերթ ընտրություններ անցկացնելը»,-ամփոփեց նա: