Կանխվել է շաքարավազի մեջ թաքցված թմրամիջոցի փոխանցումը դատապարտյալին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1

2020 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները քաղաքացու կողմից դատապարտյալ Մ. Ս.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ 1,5 կգ շաքարավազի մեջ հայտնաբերել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,09 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգված։ Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Ստացված տեղեկության հիման վրա նույն հիմնարկի օպերատիվ բաժնի կողմից անհապաղ ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի միջոցառումներ, որոնց արդյունքում մեկ այլ քաղաքացու կողմից դատապարտյալ Գ. Մ.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ 2 կգ շաքարավազի մեջ դարձյալ հայտնաբերվել է 1,12 գրամ քաշով նույնպիսի բյուրեղանման զանգված։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Միաժամանակ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

--00—ԼՄ