Մարդասիրության վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները խեղաթյուրված են. Արցախի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

Արցախի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված բողոքի կապակցությամբ, որտեղ փորձ է արվում լիբանանահայ մի քանի ընտանիքների Արցախի Հանրապետություն տեղափոխվելը ներկայացնել որպես միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտում: Սրա հետ կապված՝ Արցախի ԱԳՆ-ում անհրաժեշտ են գտնում նշել հետևյալը:

«Արցախի Հանրապետության իշխանություններն իրենց պարտքն են համարում օգնություն ցուցաբերել տարաբնույթ աղետների և ճգնաժամերի պատճառով կրիտիկական իրավիճակում հայտնված հայրենակիցներին: Ավելին՝ մարդասիրական աղետներին արձագանքելը գտնվում է ողջ միջազգային հանրության կոլեկտիվ պատասխանատվության տիրույթում, որի բաղկացուցիչ մասն է Արցախի Հանրապետությունը՝ անկախ նրա՝ ժամանակավորապես միջազգայնորեն չճանաչված քաղաքական կարգավիճակից: Մարդասիրական օգնություն ուղարկելով Լիբանան և ապաստան տրամադրելով նրանց, ովքեր Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի արդյունքում կորցրել են իրենց տները` պաշտոնական Ստեփանակերտը ուժերի ներածին չափ իր ներդրումն է ունենում միջազգային հանրության ընդհանուր ջանքերում` միտված մարդասիրական իդեալների կենսագործմանը:

Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված են, որ Լիբանանի հայ համայնքը պահպանվի, սակայն, միևնույն ժամանակ, իրենց ինքնիշխան իրավունքի շրջանակներում անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն ծանր իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին, ովքեր ցանկություն կհայտնեն գալ և հաստատվել մեր հանրապետությունում:

Մարդասիրական աղետի պայմաններում հայտնված մարդկանց Արցախի իշխանությունների կողմից բնակարանների տրամադրումը որպես միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում ներկայացնելու ադրբեջանական կողմի բազմաթիվ փորձերը վկայում են ոչ միայն միջազգային փաստաթղթերի կանխակալ մեկնաբանման, այլև, առհասարակ, մարդասիրության վերաբերյալ խեղաթյուրված պատկերացումների մասին։ Հակամարտության և դրա կարգավորման ողջ ընթացքում ադրբեջանական իշխանություններն ի ցույց են դնում մարդասիրական խնդիրների նկատմամբ իրենց բացահայտ քամահրական վերաբերմունքը՝ դրանք օգտագործելով միայն սեփական շահի համար՝ քողարկելու իրենց իրական՝ դատապարտելի նպատակները։ Այդ մասին է վկայում ավելի քան երեք տասնամյակ շարունակ Ադրբեջանից կես միլիոն հայ փախստականների իրավունքների լկտիաբար անտեսումը, որոնց վտարումն ուղեկցվում էր զանգվածային սպանություններով և դաժան ջարդերով, սակայն առայսօր պաշտոնական Բաքուն համառորեն հրաժարվում է ճանաչել իր պատասխանատվությունը նրանց ողբերգական ճակատագրի համար։

Անթույլատրելի ենք համարում, որ Բեյրութի մարդասիրական աղետից տուժածները դառնան ադրբեջանական իշխանությունների հարձակումների թիրախ և քաղաքական շահարկումների առարկա։ Վերահաստատում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն այսուհետ ևս անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն իրենց բնակության վայրերում դժվարին իրավիճակում հայտնված մեր բոլոր հայրենակիցներին»։

--00--ԱԹ