Մարդկությունը գործ ունի էկոհամակարգերի քայքայման հույժ վտանգավոր երևույթի հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

Ռոմանոս Պետրոսյան

Այս տարի սեպտեմբերի 16-ին հերթական անգամ աշխարհում նշվում է Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: 

«Բոլորին է հայտնի, որ Երկրի վրա կյանքը հնարավոր չէր լինի առանց արեգակնային լույսի, սակայն արեգակի էներգիան չափազանց շատ կլիներ առանց օզոնային շերտի։ Փաստ է, որ օզոնի շերտը Երկիրը պաշտպանում է արեգակի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Որպես հետևանք՝ այդ ճառագայթների պատճառով կարող են առաջանալ առողջական խնդիրներ, ինչպես օրինակ՝ մաշկի քաղցկեղ և աչքի կատարակտ։ Վնասակար ճառագայթները կարող են բացասական հետևանք ունենալ նաև գյուղատնտեսության, ձկնային տնտեսությունների համար՝ որպես հետևանք հանգեցնելով նաև տնտեսական խնդիրների: Հետևաբար, մարդկությունը գործ ունի էկոհամակարգերի քայքայման հույժ վտանգավոր երևույթի հետ:

Խնդրի լուծմանն են ուղղված 1985 թվականի «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիան և 1987 թվականի «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը, որոնք համարվում են խնդիրների լուծման և ոլորտի տեխնոլոգիական զարգացման միջազգային իրավակարգավորումներ ապահովող հիմնական և կարևորագույն իրավական փաստաթղթերը:

Այս փաստաթղթերի կենսագործման արդյունքում է հնարավոր դարձել օզոնաքայքայիչ նյութերի համաշխարհային գործածության կրճատումը 99%-ով: Եվ արդեն գործուն քայլեր են իրականացվում, որոնք ուղղված են հիդրոֆտորածխածինների կրճատմանը՝ համաձայն Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությանը:

Այն արդեն գործող իրավական փաստաթուղթ է՝ սկսած 2019 թվականի հունվարից, որը Հայաստանը վավերացրել է 2019 թվականի մարտին, թեև Հայաստանը իր մասնակցությունն է բերում միջազգային հանրության կողմից գործադրված ջանքերին՝ 1999 թվականից բարեխղճորեն իրականացնելով միջազգայնորեն ստանձնած և ոլորտին առնչվող բոլոր պարտավորությունները:

Պարտավորությունների իրականացման ընթացքում շրջակա միջավայրի նախարարությունը համագործակցում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի, Արդյունաբերական զարգացման կազմակերպության և Զարգացման ծրագրի հետ:

Թեև 2020 թվականին մարդկությանը պատուհասած համավարակը հանգեցրել է սոցիալական և տնտեսական խնդիրների ավելացմանը՝ ստեղծելով մեր առաջնահերթություններում փոխատեղումներ, այսուամենայնիվ, գտնում եմ, որ Օզոնի միջազգային քարտուղարության «Համատեղ աշխատել ի բարօրություն բոլորի» ուղերձն առավել, քան արդիական է:

Այն ընդգծում է միջազգային ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունն այս ոլորտում, քանի որ հարցը վերաբերում է Երկիր մոլորակին և այնտեղ կենսագործունեություն ծավալող և բնակվող բոլոր կենդանի օրգանիզմների գոյությանն ընդհանրապես:

Համոզված եմ, որ մենք պետք է շարունակենք և ակտիվացնենք միջազգային համագործակցությունը բոլոր այն հարթակներում, որոնք հնարավորություն կտան բարձրաձայնելու մեր մտահոգություններն ու առաջարկությունները՝ նպաստելով համաշխարհային բնության պահպանմանն ու վերարտադրմանը՝ հանուն ապագա սերունդների: Պաշտպանվա՛ծ եղեք»,- գրել է նախարարը։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս