Ծեծ՝ ճամփա չզիջելու համար. կա վիրավոր, կասկածյալների թվում է Բալահովիտի գյուղապետի որդին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ծեծ

Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ սեպտեմբերի 16-ին Կոտայքի մարզում տեղիի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք և խուլիգանության դեպքի փաստով։ Այդ օրը, ժամը 20։40-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ վերին ծնոտի բութ տրավմա, աջ անրակի կոտրվածք՝ տեղաշարժով, ուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աբովյան քաղաքի բնակիչ, 32-ամյա Լևոն Ե.-ն է. նա բժիշկներին հայտնել է, որ ոչինչ չի հշում, թե ինչպես և ինչ պայմաններում է մարմնական վնասվածքներ ստացել։

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Կոտայքի բաժնի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմանում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում ճանապարհը միմյանց չզիջելու համար մի քանի երիտասարդներ ծեծի են ենթարկել Լևոն Ե.-ին և նրա ընկերոջը՝ Աբովյան քաղաքի բնակիչներ, 29-ամյա Սիմոն Ծ.-ին և 31-ամյա Հայկ Ղ.-ին։ Մինչ բժիշկները անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում վիրավորին, պարզվել էր, որ նշված փողոցում վիճաբանությունը տեղի է ունեցել Ս. Ծատուրյանի, Հայկ Ղ.-ի, Լևոն Ե.-ի և Բալահովիտ գյուղի բնակիչներ, 25-ամյա Վարդան Գ.-ի, 22-ամյա Արամ Գ.-ի, 39-ամյա Գարեգին Խ.-ի, 35-ամյա Արտակ Խ.-ի, Մայակովսկի գյուղի բնակիչ, 28-ամյա Գարիկ Գ.-ի և Բալահովիտ գյուղի բնակիչ, 24-ամյա Կարապետ Կ.-ի միջև, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել մեկմեկու։

Ըստ աղբյուրի՝ վիճաբանության մասնակիցներից մեկը՝ Արամ Գ.-ն, Բալահովիտի գյուղապետ Կամո Գրիգորյանի որդին է, իսկ վիրավորներից Սիմոն Ծ.-ն աշխատում է «Սիմոն Ծատուրյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ 

--00—ԼՄ