Իջևան սուպերմարկետում 39-ամյա կին հաճախորդը գողացել էր վաճառողի դրամապանակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Սեպտեմբերի 13-ին մի կին մտել էր Իջևան քաղաքի սուպերմարկետ ու, օգտվելով վաճառողուհու անուշադրությունից, վաճառասեղանից գողացել էր նրա դրամապանակը, որի մեջ փող և կուտակային քարտ կար:

Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ ստացվեց:
Քրեական հետախույզները հաղորդումը ստանալուն պես բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Դիլիջան քաղաքի 39-ամյա մի բնակչուհի:

Նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմաններում, կասկածյալը Դիլիջանի Հովսեփյան փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Իջևանի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ