ԱՆ հրամանում չկա նշում, որ հանրային բաց տարածքներում բոլորի համար դիմակ կրելը պարտադիր է

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  18,  24News 

Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՍԱՀՄԱՆԱԾ ԴԻՄԱԿ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ Է

Նախ ցանկանում եմ նշել, որ դիմակ կրելն այն դեպքերում, երբ կարող ես վարակել կամ վարակվել յուրաքանչյուրիս գիտակցված որոշումը պետք է լինի:

Արտակարգ դրությունը փոխարինվեց կարանտինային ռեժիմով: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ականատես ենք լինում իրավական «թափթփվածության»:

Այսպես, ՀՀ առողջապահության նախարարը 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 23-Ն հրամանով հաստատել է Անհատական պաշտպանության միջոցների կիրառման դեպքերն ու կարգը (այսուհետ՝ Կարգ), որն իմ կարծիքով հակասում է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածով սահմանված իրավական ակտի իրավական որոշակիության և համաչափության սկզբունքներին:

Կարգում փակ տարածքների մասով կա հստակ նշում՝ «Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար…», ՄԻՆՉԴԵՌ ԱՌԿԱ ՉԷ ՆՇՈՒՄ, ՈՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ԴԻՄԱԿ ԿՐԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է: Նշվել է միայն, որ «հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու պայմաններն են…»: Այսինքն շարադրվել է միայն բացառությունը ԱՌԱՆՑ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆԸ ՆՇԵԼՈՒ: Սա ուղիղ հակասում է իրավական որոշակիության պահանջին, քանի որ իրավական ակտի նորմերը պետք է լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Հանրային բաց տարածքում միայնակ զբոսնող քաղաքացուն դիմակ կրելու պահանջ-ակնարկը հակասում է համաչափության սկզբունքին, քանի որ այդ սկզբունքով պայմանավորված` իրավական ակտով հիմնական իրավունքի սահմանափակումներին վերաբերող պահանջները հետևյալն են.

1) սահմանափակման նպատակի լեգիտիմությունը, այն է` Սահմանադրությամբ սահմանված լինելը.

2) սահմանափակման համար ընտրված միջոցների` ա) պիտանիությունը և բ) անհրաժեշտությունը` Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, ինչպես նաև գ) համարժեքությունը սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

Փողոցում կամ զբոսայգում միայնակ գտնվող մարդուն (որը չի կարող վարակել այլ մարդու կամ վարակվել այլ մարդուց) դիմակ կրելու պարտադրանք պարունակող նորմատիվ իրավական ակտը չի կարող բավարարել վերը նշված պայմանները:

Հ.Գ. 1 Եթե հակափաստարկն այն է, որ կարող է ինչ որ պահի դիմակ չկրող մի մարդ անցնի դիմակ չկրող այլ մարդու կողքով ու վարակի/վարակվի, ապա ինչու այդ ռիսկը չկա, երբ փակ տարածքում միմյանց կողք նստելու և սնվելու կամ հեծանվորդին առանց դիմակ մյուս հեծանվորդի կողքով անցնելու թույլտվություն ենք տվել):

Հ.Գ. 2 Եթե իրավական ակտերն ընդունվում են խելամտության կանխավարկածով, ապա քաղաքացիներն ավելի շատ են հակված լինելու կատարել այդ իրավական ակտերի պատվիրանները:

Հ.Գ. 3 Այս իրավակարգավորումների մյուս էական խնդիրներին դեռ չեմ անդրադառնում»:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս