Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ուստարվա ավարտից հետո․ ԿԳՄՍՆ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  18,  24News  

ԿԳՄՍՆ

Հարկային օրենսգրքում 2020 թվականի մարտի 6-ին կատարված փոփոխության համաձայն` այս ուսումնական տարվանից սկսած աշխատող ուսանողները կարող են ուսման վարձը վճարել եկամտահարկի հաշվին: Կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատվել է մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորելու դեպքում ուսանողը եկամտային հարկի միջոցով ուսման վարձավճարի փոխհատուցում կստանա: 

Ուսման վարձի փոխհատուցման իրավունքից աշխատող ուսանողը կամ ասպիրանտը կարող է օգտվել միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար, որի ուսման վարձը կփոխհատուցվի ուսումնական տարվա ավարտից հետո:

Միաժամանակ, կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի 1125-N որոշմամբ սահմանվել է «Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը», համաձայն որի՝ մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարը վերադարձվում է՝ տվյալ ուսումնական տարին հաջողությամբ ավարտելու, այսինքն՝ կրթական ծրագրով նախատեսված բոլոր քննությունները հանձնելու դեպքում։

--00—ՄՀ