Ո՞ր դեպքում և ինչպե՞ս պետք է իրականացվի աշխատավարձի վերջնահաշվարկը․ իրազեկում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  18,  24News  

աշխատավարձ

Հիմք ընդունելով ՀՀ ԱԱՏՄ թեժ գծով ստացվող ահազանգերը, ինչպես նաև քաղաքացիներից հաճախակի ստացվող հարցերը, մասնավորապես, գործատուի կողմից աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու առնչությամբ՝ ԱԱՏՄ-ն իրազեկում է՝

Ո՞ր դեպքում և ինչպե՞ս պետք է իրականացվի աշխատավարձի վերջնահաշվարկը․

1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ,

2. Եթե աշխատողը նույն գործատուի կամ օրենքով սահմանված կարգով իրավահաջորդ ճանաչված գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում,

3. Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս:

Վերջին շուրջ 2 ամսվա ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստացել է մոտ 5 տասնյակ դիմում-բողոք, որոնք վերաբերում են գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների խախտմանը։

Դիմում-բողոքները եղել են բազմաբնույթ, բայց զգալի մասը վերաբերել է
- հարկադիր պարապուրդին,
- աշխատավարձերը չհաշվարկելուն, չվճարելուն,
- վերջնահաշվարկ չկատարելուն,
- առանց աշխատողների համաձայնության չվճարվող արձակուրդ տրամադրելուն,
- աշխատանքից անհիմն ազատելուն:

Տեսչական մարմնում աշխատանքային իրավունքին առնչվող դիմում-բողոքների հիման վրա հարուցվում են վարչական վարույթներ, որոնց ընթացքում աշխատանքային օրենսդրության խախտումներ արձանագրելու դեպքում դրանք վերացնելու և արդյունքում աշխատողների աշխատանքային խախտված իրավունքները վերականգնելու նպատակով տրվում են կարգադրագրեր։

--00--ԱԹ