Վեճն ավարտվել էր դանակահարությամբ. Արարատի ոստիկանները բացահայտել են դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 22.55-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա մի տղամարդ։

Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խմբի անհետաձգելի միջոցառումներով պարզվեց, որ ժամը 22-ի սահմաններում տղամարդը Նոյակերտ գյուղից Արարատ գյուղ տանող ճանապարհին վիճաբանել էր Նոյակերտի 36-ամյա մի բնակչի հետ և ստացել վնասվածք։

Ոստիկանները ձեռնարկեցին որոնողական և բացատրական միջոցառումներ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։

Բացատրական աշխատանքը տվեց արդյունք. սեպտեմբերի 17-ին Նոյակերտի 36-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանություն, խոստովանեց կատարածն ու ձերբակալվեց։
Արյան հետքերով հանցագործության գործիք դանակն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

--00—ԼՄ