Եգիպտահայ ​​համայնքը կարևոր կամուրջ է երկու բարեկամ երկրների միջև. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  18,  24News   

Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարարությունը հրապարակել է Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «ալ-Ախբար» թերթին:

Հարց. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Եգիպտոսի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկան:  

Պատասխան. Իրավամբ, վերընթաց զարգացող hայ-եգիպտական հարաբերությունները հիմնված է փոխադարձ հարգանքի և առանձնահատուկ բարեկամության վրա: Գիտեք, որ Եգիպտոսն արաբական պետություններից առաջինն էր, որ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը և հյուրընկալել Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջին դիվանագիտական ներկայացուցչությունը: Անկախությունից ի վեր՝ մեր եգիպտացի գործընկերների հետ կարողացել ենք կառուցել բազմաոլորտ համագործակցություն: Բավարար է միայն նշել, որ մեր երկու երկրների միջև ստորագրվել է համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող ավելի քան 50 համաձայնագիր: Հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովն արդյունավետ հարթակ է՝ երկկողմ օրակարգին առնչվող խնդիրների քննարկման, ինչպես նաև  հարաբերությունների առաջիկա ամրապնդման ու ընդլայնման հեռանկարներն ուրվագծելու համար:               

Վերջին շրջանում քաղաքական երկխոսության դինամիկան ոգևորիչ է: Միաժամանակ մեզ հաջողվել է ուրվագծել մեր առևտրատնտեսական հարաբերությունների հեռանկարները ՏՏ, դեղագործության, ստեղծարար կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորնտերում: Մեր օրակարգում հատուկ տեղ են զբաղեցնում տարածաշրջանային գործընթացների և մարտահրավերների շուրջ քննարկումներն ու դիրքորոշումների համադրումը:              

Մեր միջպետական համագորությունը հաջողված է, և միասնաբար կարողացել ենք արձանագրել կարևոր ձեռքբերումներ: Միևնույն ժամանակ մենք զգում ենք, որ անհրաժեշտ է նոր շունչ հաղորդել մեր համագործակցությանը՝ միջազգային և տարածաշրջանային նոր իրողություններին համապատասխանեցնելու համար, հատկապես երբ մենք առերեսվում ենք տարածաշրջանային անվտանգության նմանատիպ, եթե ոչ նույնական մարտահրավերների: Այսօր մենք առավել քան երբևէ նկատում ենք, որ միմյանցից տարբերվող մեր տարածաշրջանների՝ Արևելյան Միջերկրականի, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և նույնիսկ Հարավային Կովկասի անվտանգությունը փոխկապակցված է:              

Հարց. Ինչպե՞ս կարող է Հայաստանն աջակցել Եգիպտոսին՝ ԵԱՏՄ հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման հարցում:   

Պատասխան. Հայաստանը հայտնել է իր լիակատար աջակցությունը Եգիպտոսի ցանկությանը միանալու ԵԱՏՄ ազատ գոտուն: Եվ երեկ իմ լավ բարեկամ, ԵԱՀ արտգոծնախարար Սամեհ Շուքրի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ես վերահաստատեց այդ աջակցությունը:      

2019թ.-ի հունիսին՝ բանակցությունների առաջին փուլի մեկնարկին, ՀՀ փոխվարջապետ Մհեր Գրիգորյանն արտահայտեց մեր վճռականությունն աջակցել և օժանդակել բարեկամ Եգիպտոսին ազատ առևտրի համաձայնագրին  միանալու հարցում: Հավատացած ենք, որ բոլոր կողմերը կշահեն վերոնշյալ առևտրային համաձայնագրի շրջանակներում ավելի խորը համագործակցությունից: Այդ իսկ պատճառով մենք շահագրգռված ենք համաձայնագիրը ստորագրելու բոլոր ընթացակարգերի արագ ավարտին հասցնելով:          

Հարց: Ի՞նչ դեր ունեն եգիպտահայերը Եգիպտոսի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում:

Պատսխան: Պատմական տարբեր ժամանակաշրջաններում բնակություն հաստատելով Եգիպտոսում՝ հայերն իրենց զգալի ներդրումն են ունեցել Եգիպտոսի զարգացման ու բարգավաճման գործում:

Մեր պատմության ծանրագույն ժամանակահատվածում, երբ վտանգված էր հայ ժողովրդի գոյությունը, Եգիպտոսն արաբական մի շարք այլ երկրների հետ միասին ընդունեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանության սարսափներից փրկված հազարավոր հայերի: Մենք երբեք չենք մոռանա այն հյուրընկալությունը, որին Եգիպտոսում արժանացան ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցները: 

Այսօր այդ հայերի սերունդները շարունակում են ապրել և կերտել Եգիպտոսում, նրանք մեծ ներդրում են ունեցել Եգիպտոսի պետական ​​ինստիտուտների կայացման և զարգացման գործում, և մենք հպարտ ենք այդ ներդրումով: Լինելով Եգիպտոսի նվիրյալ քաղաքացիներ՝ նրանք միաժամանակ օժտված են բոլոր անհրաժեշտ հնարավորություններով՝ պահպանելու իրենց ազգային ինքնությունը, լեզուն և ավանդույթները: Մենք, անշուշտ, խորապես երախտապարտ ենք Եգիպտոսի կառավարությանը և ժողովրդին այդ ջանքերի և մեր ժողովրդի պաշտպանության համար: 

Շուրջ տասը հազարանոց եգիպտահայ ​​համայնքը կարևոր կամուրջ է երկու բարեկամ երկրների միջև: Հայ ​​համայնքի ներկայությունը պարարտ հող հանդիսացավ երկու երկրների միջպետական ​​հարաբերությունների զարգացման համար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

--00--ԱԹ