Քրտնաջան և թափանցիկ աշխատանք բնակչության հետ. քաղաքապետը՝ Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 20, 24News

Thumbnail

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Կարեն Հակոբյանին:

Շնորհակալություն հայտնելով գործող աշխատակազմին մինչ այժմ կատարած աշխատանքի համար՝ քաղաքապետը միևնույն ժամանակ խոսել է բազմաթիվ խնդիրների մասին՝ ապօրինի շինարարություն, կանաչապատում, անվտանգ երթևեկության կազմակերպմանն ուղղված աշխատանք և այլն, խնդիրներ, որոնք կուտակվել են այս տարիների ընթացքում:

Որպես ամենացայտուն օրինակ՝ քաղաքապետը մատնացույց է արել փաստը, որ հենց վարչական շրջանի աշխատակազմի շենքի դիմաց փաստացի անօրինական ավտոկայանատեղի է գործում, որտեղ մուտք գործելու համար մեքենաները որոշ տարածություն հետիոտնային երթևեկելի հատվածով են անցնում:

«Մենք չենք կարող օրինականություն պահանջել քաղաքացիներից, եթե մենք ինքներս խախտում ենք օրենքը, անհարմարություն ստեղծում քաղաքացիների համար և խաթարում ենք նրանց անվտանգ երթևեկությունը», - ասել է քաղաքապետը՝ կարգադրելով անհապաղ վերացնել անօրինական կայանման դեպքերը:

Դիմելով վարչական շրջանի նորանշանակ ղեկավարին ու աշխատակազմին՝ Հայկ Մարությանն ընդգծել է նաև, որ բնակչության հետ ամենօրյա շփումներում ակնկալում է քրտնաջան աշխատանք և թափանցիկ գործելաոճ:

«Այսօր այն պահն է, որ պետք է առավելագույն եռանդով աշխատենք: Քաղաքի խնդիրներն այնքան շատ են, որ պետք է աշխատել մեծ լարումով՝ հասնելու համար այն զրոյական կետին, որտեղից նոր պետք է շարունակենք վերընթաց զարգացումը», - ասել է քաղաքապետը: