Հերհերում Հայաստանում ամենամեծ արեւային կայաններն են կառուցվում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  19,  24News 

ա

Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում մեկնարկել են Հայաստանում այս պահին ամենամեծ՝ ընդհանուր 20 մեգավատ հզորությամբ արեւային կայանների կառուցման աշխատանքները։ Արեւի էներգիայի միջոցով էլեկտրական էներգիա արտադրելու գաղափարը պատկանում է 4 ընկերոջ, որոնք մրցութային կարգով գործունեություն ծավալելու 20 տարվա լիցենզիա են ստացել։

«Մտածում էինք, թե գլոբալ տաքացման ֆոնին ինչպիսի բիզնես նախագծել, որ էկո լինի եւ, միանշանակ, որպես բիզնես եկամուտ բերի։ Չնայած նրան, որ Հայաստանում կան պայմաններ քամուց արտադրվող էներգիայի համար, սակայն դեռեւս առաջնային է արեւային էներգիան։ Եվ երբ իմացանք, որ պետությունը թողարկում է լիցենզիաներ, ընկերներով որոշեցինք մասնակցել մրցույթին եւ կարողացանք ձեռք բերել 4 հինգ մեգավատանոց կայաններ կառուցելու թույլտվություն։ Բոլոր երկրներում արեւային՝ վերականգնվող էներգիան խրախուսվում է եւ այն  հանդիսանում է վերականգնվող էներգիայի մեծ մասնաբաժինը»,- աշխատանքների մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ներդրող, «ԱՅ Սոլար» ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ, ըստ պայմանագրի, արտադրված էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտը պետությանը կվաճառվի 24,2կվ/ժամ դրամով։

Կայանների տեղադրման վայր է ընտրվել Հերհեր գյուղը՝ բարենպաստ կլիմայական պայմաններից ելնելով։ Ծրագրում կատարվել է 12,5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում։ Ֆինանասավորման հարցում աջակցել է «Արմսվիսբանկը»։

«Ծրագիրն իր տեխնիկական պարամետրերով բավական գրավիչ էր եւ երիտասարդ  սեփականատերերի մոտեցումները մեր համար ընդունելի էին, դրա համար որոշեցինք ֆինանսավորել։ Համոզված ենք, որ նպատակասլաց աշխատելու դեպքում հաջորդ հունիս ամսին ներկա կգտնվենք բացմանը»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Արմսվիսբանկի» գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը։

Ներդրումային ծրագիրն ունի նաեւ սոցիալական բաղադրիչ. աշխատատեղեր կստեղծվեն Հերհերի եւ հարակից համայնքների բնակիչների համար։

 «Կառուցապատողի առաջ խնդիր է դրվել, որ հիմնական աշխատուժը լինի Հերհերից կամ Վայոց ձորի մարզից։ Մեզ համար կարեւոր է եղել սոցիալական հարցերի լուծումը։ Այս մեծածավալ ներդրումով լուծվում է այս գյուղի մոտ բոլոր աշխատատեղերի հարցը։ Միայն շինարարական աշխատանքների ընթացքում աշխատելու է 150-ից 185 մարդ։ Պրոյեկտը մինչեւ 2041թ. է,  այսինքն ընդհանուր 85-ից 90 մարդ 20 տարի ժամկետով կունենա աշխատանք»,- լրագրողների հետ զրույցում նշեց Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

Կայանների կառուցման աշխատանքների ավարտը սահմանված է 2021թ.-ի դեկտեմբերը։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս