Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Զրուցակիցներն անդրադարձել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի՝ սեպտեմբերին Երևան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին ու արդյունքներին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ պարբերաբար տեղի ունեցող հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկելու Հայաստանում մարդու իրավունքերի բնագավառում տեղ գտած զարգացումները, հանձնակատարի գրասենյակի մանդատի շրջանակներում համագործակցությունն ու համատեղ ծրագրերի հեռանկարները:

Հանդիպման օրակարգում էին նաև Հայաստանում բարեփոխումների գործընթացին, օրենսդական փոփոխություններին և մարդու իրավունքների մշտադիտարկմանն առնչվող հարցերը:
Ներկայացնելով Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ միջազգային չափանիշներին համապատասխան արդար և ազատ ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը Հայաստանի իշխանությունների համար հանդիսանում է կարևոր գերակայություն:

ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձել են նաև ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերին: Այդ համատեքստում նախարարի պաշտոնակատար Մնացականյանը կարևորել է ցեղասպանությունների վաղ կանխարգելման մեխանիզմի ներդրումը:

Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին Եվրոպայում ժողովրդավարության ամրապնդման մարտահրավերներին միասնաբար դիմագրավելու և ԵԽ-ի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք ջանքերը: Այս համատեքստում երկուստեք համոզմունք արտահայտվել, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և դրանց պաշտպանության շուրջ համագործակցությունն էլ պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ բացառության:

Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները: ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունն առաջին հերթին վերաբերում է մարդկանց, որոնց իրավունքներն ու անվտանգությունը կարևոր առաջնահերթություններ են: